ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն փետրվարի 5-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Ջեյմս Ուորլիքին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Զրուցակիցները քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը և դրանից բխող հետևանքները:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, անդրադառնալով հունվար ամսվա ընթացքում ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններին' ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ դրանք հակասում են անցած տարվա նոյեմբերին և մինչ այդ հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին և կարևորել է նման դեպքերի հասցեագրված գնահատումը: Այդ առումով Սեյրան Օհանյանը համանախագահներին կոչ է արել ակտիվացնել աշխատանքները և համապատասխան միջոցներ ու մասնագետներ ներգրավել միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման համար:

 

Սեյրան Օհանյանը տեղեկացրել է նաև, որ հունվարի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդի կողմից դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձերի փաստի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցվել են քրեական գործեր և իրականացվում է հետաքննություն:

 

Հանդիպման մասնակիցները կարևորել են նաև հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը: