Սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց դեսպան Ուորլիքին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների և մյուս համանախագահների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ, հետևողական միջնորդական ջանքերն ուղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։
Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպան Ուորլիքի դիվանագիտական մեծ փորձը և մասնագիտական պատրաստվածությունը կծառայեն այդ նպատակին։ Ջեյմս Ուորլիքը հավաստիացրեց, որ ԱՄՆ-ն շարունակելու է անել հնարավորը ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման նպատակով։ Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը՝ համանախագահ երկրների հետ, միասնական և վճռական է հասնելու հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը' Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված մեկ ամբողջություն կազմող սկզբունքների և տարրերի հիման վրա։ Նախարար Նալբանդյանը և դեսպան Ուորլիքը հանգամանորեն անդրադարձան բանակցային գործընթացին առնչվող հարցերին։
ՀՀ ԱԳՆ