Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը փորձել է կանխել Թուրքագիտական ուսումնասիրությունների ինստիտուտի Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը: Ինչպես տեղեկացրել են Հայ դատի Վաշինգթոնի գրասենյակից, Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի կառավարման հարցերով ղեկավար Քեյթ Նահապետյանն ինստիտուտի գանձապահ դոկտոր Էդվարդ Էրիկսոնին հարցրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ինստիտուտի դիրքորոշման և թուրքական կառավարության հետ ունեցած կապերի մասին: Հարցերից վրդովված Էրիկսոնը սպառնացել է դուրս հանել Նահապետյանին Ջորջթաուն համալսարանում ընթացող իր դասախոսությունից:

 

«Կարո՞ղ ենք մենք դուրս հանել նրան այստեղից»,-բորբոքված ասել է Էրիկսոնը, երբ նրան հարցրել են, թե արդյոք ինքը կարծո՞ւմ է, որ 1.5 միլիոն հայերի կոտորածը Ցեղասապանություն էր: «Սա Թուրքիան չէ»,- բացականչել է Նահապետյանը' ցույց տալով, որ ԱՄՆ-ում հնարավոր չէ դասախոսության հետ չհամաձայնողներին հեշտությամբ լռեցնել: Նահապետյանը խնդրել է նաև հստակեցնել, թե ինչպես է ինստիտուտը կապված թուրքական կառավարության և վերջինիս վարած ժխտողական քաղաքականության հետ:

 

Ամերիկացի պատմաբանը խոստովանել է, որ ինստիտուտը հիմնադրվել է թուրքական կառավարության շնորհած դրամաշնորհով, բայց պնդել է, որ «այն որևէ առնչություն չունի և թուրքական կառավարության մարմին կամ խամաճիկ չէ: Այն գործում է որպես առանձին կազմակերպություն, ինքնուրույն է որոշումներ կայացնում, և նրա օրակարգը ոչ մի կապ չունի հայկական որևէ բանի կամ ցեղասպանության ժխտողականության հետ»:

 

Նահապետյանը անվստահություն է հայտնել' վկայակոչելով ինստիտուտի նախկին նախագահ, Հայոց ցեղասպանությունն ընդունող Դոնալդ Քուաթաերթի հարցազրույցը, ուր վերջինս պատմել է, թե ինչպես Թուրքիայի դեսպան Նաբի Սենսոյը սպառնացել է դադարեցնել ֆինանսավորումը և վերացնել ինստիտուտը, եթե Քուաթաերթը չհեռանա խորհրդի նախագահի պաշտոնից: