Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը փետրվարի 6-ին Ազգային ժողովի վավերացմանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև օդային հաղորդակցության մասին» համաձայնագիրը:

 

Արտյոմ Մովսեսյանը նշեց, որ համաձայնագիրը երկու երկրների միջև կանոնավոր օդային հաղորդակցության ձևավորման իրավական հիմք է հանդիսանալու, նպաստելու է երկու երկրների միջև տնտեսական և մշակութային կապերի հետագա զարգացմանը: «Սահմանված երթուղիներում կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու համար կողմերը կարող են նշանակել մեկ կամ ավելի ավիաընկերություններ և կարող են ունենալ կետից կետ փոխադրվելու ազատության իրավունքներ»,- նշեց Մովսեսյանը՝ ընդգծելով, որ երկու կողմերի ավիացիոն իշխանությունների կողմից այդ երկրների համար ավոիափոխադրումների ազատականությունը պետք է լինի առանձին քննարկման առարկա և հաստատվի:

 

Նա նշեց, որ յուրաքանչյուր երկրի ավիացիոն իշխանություն իրավունք ունի ստուգում իրականացնել այն կազմակերպություններում և այն փոխկապակցված ընկերություններում, որոնք թռիչքներ են իրականացնում Հայաստանի Հանրապետությունում: Տեղեկատվությունը փոխանակվում է, կազմվում են ցուցակներ, կա անգամ «սև ցուցակ», որի հիման վրա տվյալ ավիաընկերությանը նույնիսկ կարող են թույլ չտալ աշխատել տվյալ երկրում:

 

«Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև օդային հաղորդակցության մասին» համաձայնագիրն ստորագրվել է 2012-ի նոյեմբերի 29-ին՝ Երևանում: