ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Չինաստանի հետ օդային հաղորդակցությունների մասին նոր hամաձայնագրի ստորագրմանը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ համաձայնագրի վերանայումը բխում է ՀՀ-ում քաղաքացիական ավիացիայի ոլորտում նոր' «Բաց երկնքի» քաղաքականության իրականացման և երկու երկրների միջև ավիացիոն հարաբերությունների պատշաճ կարգավորման անհրաժեշտությունից:
«Գործող Համաձայնագրի նոր խմբագրությամբ նախատեսվում է վերացնել նշանակվող ավիաընկերությունների քանակի և նրանց կողմից առաջարկվող տարողության, չվերթների հաճախականության, սպասարկվող երթուղիների, սակագների սահմանափակումները, ավելացնել ավիաընկերությունների միջև արդար և հավասար մրցակցության ապահովման, վկայականների և լիցենզիաների ճանաչման, սպառողներից գանձումների, ինտերմոդալ փոխադրման, վերգետնյա սպասարկման վերաբերյալ հոդվածներ, վերանայվել և արդիականացվել է ավիացիոն անվտանգության վերաբերյալ հոդվածը, և սահմանվել են պետությունների կողմից թռիչքային անվտանգության ապահովման պարտավորությունն ապահովող դրույթներ»,- ասաց Մինասյանը:
Նրա խոսքով՝ հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև գործող համաձայնագրի վերանայումը և արդիականացումը կնպաստի երկու երկրների միջև օդային հաղորդակցությունների ոլորտում հարաբերությունների պատշաճ և լիարժեք կարգավորմանը, ոլորտի ազատականացմանը և կստեղծվեն ավիաընկերությունների համար նպաստավոր պայմաններ դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ երթուղիների սպասարկման համար: ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը Համաձայնագրի վերանայումը համարում է նպատակահարմար: