20-րդ դարի հայ լավագույն մարզիկ, օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի բազմակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Ալբերտ Ազարյանի ծննդյան 85-ամյակը լրանում Է փետրվարի 11-ին: «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է լեգենդար մարզմնամարզիկի հետ:


-Պարոն Ազարյան, անձնագրով դուք շուտով կդառնաք 85-տարեկան, իսկ քանի՞ տարեկան եք Ձեզ զգում:

 

- Գիտեք, ժամանակին իմ լավ ընկեր, գրող եւ ժուռնալիստ Արամայիս Սահակյանը, որը ցավոք, այժմ մեզ հետ չԷ, շնորհավորելով ինձ 81-ամյակի առիթով, կատակեց, որ ես 18 տարեկան եմ եւ ոչ թե 81: Համարենք, որ հիմա ես ինձ 58 տարեկան եմ զգում:


-Ձեր կյանքը չափազանց հարուստ եւ հագեցած է եղել իրադարձություններով: Սպորտում Դուք նվաճել եք բոլոր հնարավոր եւ անհնար բարձունքները, հանրաճանաչ եւ երջանիկ ընտանիք ունեք: Իսկ ունե՞ք ինչ- որ չիրականացած ցանկություն:

 

- Ես իմ ամբողջ կյանքը նվիրել եմ երկրիս, Հայաստանի մարմնամարզությանը եւ չիրականացված անձնական ցանկություն չունեմ: Ցանկությունս մեկն Է՝ Հայաստանի ժողովուրդը առողջ եւ երջանիկ լինի, մենք կյանքի բոլոր ոլորտներում հաջողություններ ունենանք: Այս առումով սպորտը մեծ օգուտ կարող Է տալ մեր ազգին, մասնավորապես, մարմնամարզությունը:

 

Ժամանակին մենք Հայաստանում ունեինք 233 մարզադպրոց, բոլոր միջնակարգ դպրոցներում գործում Էին մարմնամարզության խմբեր, Հայաստանի մարմնամարզությունը մեծ հաջողություններ եւ լայն ճանաչում էր բերել, որեւԷ խնդիր չկար, ոչ մասայականության եւ ոչ Էլ մարզական գույքի, գործիքների կարիք չունեինք: Հայաստանի բոլոր շրջաններում գործում Էին մարմնամարզության խմբեր: Ես կցանկանամ, որ այդ ավանդույթները վերականգնվեն: Տարբեր պատճառներով ստացվել Է այնպես, որ այսօր Հայաստանում գործում են միայն իմ եւ մեր սպորտի նախահայր Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցները, որոնք, երեւի, պահպանվել են անվանական լինելով: Մինչդեռ մարմնամարզությունը սպորտի եւ առողջության հիմքն Է: Թող մարզիկները սկզբում յուրացնեն մարմնամարզությունը, իսկ հետո որոշեն՝ մնա՞լ սպորտում, թե՞ ոչ, ընտրել մարմնամարզությո՞ւնը, թե՞ այլ մարզաձեւ: Եթե սպորտով Էլ չզբաղվեն, ապա արդեն իրենց առողջության հիմքը դրած կլինեն:


-Այս առումով ինչպիսի՞ն են Հայաստանի մարմնամարզության եւ ակրոբատիկայի ֆեդերացիայի ծրագրերը:

 

-Ցավոք, բավականին համեստ. սպորտային մարմնամարզությանը 2014 թվականի համար պետությունը հատկացրել Է 20 միլիոն դրամ, իսկ դա այն գումարը չԷ, որը կարող Է առաջընթաց ապահովել: Մեր առջեւ ֆինանսական լուրջ խնդիրներ են դրված:


-Ինչի՞ մասին Է խոսքը:

 

-Եթե Հայաստանը միջազգային մրցումներին 2 մարզիկ Է ներկայացնում, ապա նրանց հետ նաեւ պետք Է 2 մրցավարի հայտավորել եւ մեկ մարզչի, եթե մրցավարի պակաս լինի, ապա մենք պետք Է գումար վճարենք արտասահմանցի մրցավարի կողմից մեր մարզիկների ելույթների սպասարկման համար: Այսօր մենք միջազգային կարգի 2 մրցավար ունենք՝ Հակոբ Սերոբյանը եւ Սոս Սարգսյանը:

 

Ճիշտն ասած, մեզ համար լուրջ խնդիր են նաեւ մարմնամարզության միջազգային եւ եվրոպական ֆեդերացիաների անդամավճարները: Եթե մեզ օգնեն գոնե այս վճարների հարցում, արդեն իսկ գոհ կլինենք: Թե չԷ, Հայաստանի թիմին միջազգային մրցումների են հրավիրում լիակազմ, իսկ մենք ի վիճակի ենք միայն 1-2 մարզիկի գործուղել: Ես արդեն չեմ խոսում կանանց մարմնամարզության մասին, որը նույնպես ծախսեր Է պահանջում:


-Որքա՞ն երեխաներ են այսօր մարզվում Ձեր մարզադպրոցում:

-Նրանց թիվն այսօր նվազել Է՝ 233: Բայց խոստումնալից երեխաներ ունենք, մանավանդ' 14-15-տարեկանների խմբերում: Մենք ունենք նաեւ լավ մեծահասակ մարզիկներ, բայց լուրջ ծրագրեր իրականացնելու համար լուրջ ֆինանսական հնարավորություններ են անհրաժեշտ:


- Ազարյանների ընտանիքը երկու օլիմպիական չեմպիոն Է պարգեւել Հայաստանին՝ Ձեզ եւ Ձեր որդի Էդուարդին: Իսկ հնարավո՞ր Է, որ Ազարյանների 3-րդ սերունդը եւս օլիմպիական չեմպիոն ծնի:

 

-Իմ բոլոր թոռնիկները մարմամարզությամբ զբաղվել են՝ ԱՄՆ-ում գործող Էդուարդ եւ Մարինա Ազարյանների մարմնամարզության մարզադպրոցում, որը 400 աշակերտ ունի, ինչպես նաեւ' առողջական խմբեր: Եթե նրանցից որեւԷ մեկը չեմպիոն դառնալու լուրջ հնարավորություն ունենար, ապա, իհարկե, կմնար մարմնամարզությունում, բայց նման հնարավորություն չի եղել, եւ նրանք տեղափոխվել են ըմբշամարտ եւ բռնցքամարտ:


-Փետրվարի 7-ին կմեկնարկեն Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերը: Ձեր բարեմաղթանքը այս մրցումներին մասնակցող Հայաստանի 4 մարզիկներին:

 

- Այս Խաղերում մեր մարզիկների արդյունքները դժվար Է կանխագուշակել, բայց ես նրանց լավագույնն եմ մաղթում: Այն, որ մեր պայմաններում Հայաստանից 4 մարզիկ մասնակցում Է ձմեռային խաղերին, արդեն իսկ պատիվ Է մեզ համար:

 

 

Զրուցեց Զավեն Վարդանյանը