Ֆրանսիան պատրաստ է առավել վճռականությամբ սատարել Հայաստանին դեպի Եվրոպա գնալու ճանապարհին: «Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա. խոչընդոտներ և հնարավորություններ» խորագրով քննարկման ժամանակ այս մասին նշեց Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: «Ֆրանսիան տեղյակ է Հայաստանի' Եվրոպային մոտենալու ցանկության մասին և պետք է նույն վճռականությամբ սատարի Հայաստանին դեպի Եվրոպա գնալու ճանապարհին: Դրա համար կան հիմքեր, քանի որ Հայաստանը եվրոպական է մի շարք առումներով: Այդպիսին է եղել անկախությունը ձեռք բերելու առաջին իսկ օրվանից: Հայաստանը եվրոպական է' եվրոպական շատ կառույցներում իր ամրագրած դիրքով, Արևելյան գործընկերության ծրագրին իր մասնակցությամբ: Խորապես եվրոպական է' ընդհուպ Բոլոնյան գործընթացում իր ներգրավվածությամբ, որի քարտուղարությունը ստանձնել է Հայաստանը: Եվրոպական է հասարակության իր ներկայացուցիչներով ' եվրոպական արժեհամակարգին իրենց նվիրվածության համար»,-ասաց դեսպանը:
Անրի Ռենոն խոսեց Հայաստանի և Եվրամիության արդեն վեցամյա պատմություն ունեցող ակտիվ համագործակցության մասին' նշելով, որ դեպի Եվրոպա գնալու թեման շարունակում է մնալ արդիական: «Եվրամիությունն ու Հայաստանը համագործակցության հենքերը վերանայելու որոշում են կայացրել, որը կապահովի հետագա ավելի խորը գործընկերություն: Սրան պետք է լծվեն երկուստեք: Այսօր կարևոր է համագործակցությանը նոր ոգի, նոր շունչ հաղորդելը, համագործակցություն, որը երբևէ չի էլ դադարել»,-իր խոսքում նշեց Անրի Ռենոն' կարևորելով նմանատիպ քննարկումների անցկացումը, որին մասնակցում էին քաղաքական ուժերի, կրթական, լրատվական ոլորտի ներկայացուցիչներ: «Այսօրվա քննարկումը ճիշտ ժամանակին է տեղի ունենում: Հենց այսպիսի քննարկումների շնորհիվ է, որ պետք է բացահայտվեն, ճշգրտվեն դեպի Եվրոպա գնալու ճանապարհին հանդիպող խոչընդոտներն ու պատեհությունները»,-ասաց դեսպանը:
Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Վիլնյուսում նոյեմբերի 29-ին ընդունվել է համատեղ հայտարարություն, որով կողմերը ստանձնել են հետագա համագործակցության զարգացման հանձնառությունը: Եվրոպական Միությունն ու Հայաստանը ունեն սերտ կապեր և վերահաստատում են իրենց հանձնառությունը ավելի զարգացնել և ամրապնդել Արևելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը: Կողմերը համաձայնել են, որ անհրաժեշտ է արդիականացնել ԵՄ-Հայաստան Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագիրը: