ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Ալբերտ Ազարյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ: ԱԺ նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Սիրելի պարոն Ազարյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյակի առթիվ: Լավագույն մաղթանքներս եմ հղում Ձեզ՝ որպես սպորտի բնագավառում մեծ հաջողություններ արձանագրած, օլիմպիական ու համաշխարհային մրցասպարեզներում փայլուն հաղթանակներ նվաճած մարզիկի: Դուք տարիներ շարունակ եղել եւ մնում եք հայ ժողովուրդի պարծանքն ու հպարտությունը: Դուք, իրավամբ, համարվում եք 20-րդ դարի աշխարհի լավագույն մարմնամարզիկներից մեկը:
Լինելով հայկական սպորտի դրոշակակիրներից մեկը՝ Դուք այսօր էլ մեծ նվիրումով շարունակում եք զարգացնել մարմնամարզության հայրենական դպրոցը՝ Ձեր բազմամյա փորձն ու հմտությունները փոխանցելով Ձեր սաներին, միեւնույն ժամանակ հայրենիքին անմնացորդ ծառայելու վառ օրինակ հանդիսանալով նրանց համար:
Եվս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան տարեդարձի կապակցությամբ, սիրելի պարոն Ազարյան, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ եւ երջանկություն»: