Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր' փետրվարի 10-ին, շնորհավորական ուղերձ է հղել գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զորի Բալայանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի շնորհավորական ու ղերձում ասված է.

 

«Հարգելի՛ պարոն Բալայան,

 

Սիրելի՛ Զորի,

 

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ:

 

Որպես հասարակական-քաղաքական, ազգային գործիչ և որպես գրող-հրապարակախոս՝ Դուք մեծ ավանդ եք ներդրել հայ հրապարակագրության զարգացման և հարստացման գործում՝ միշտ Ձեր ուշադրության կենտրոնում պահելով համայն հայությանը հուզող հրատապ խնդիրները:

 

Դուք նշանակալի ավանդ եք բերել Արցախյան ազատագրական պայքարում՝ հանդիսանալով Ղարաբաղյան շարժման ոգեշնչողներից, ղեկավարներից և գաղափարախոսներից մեկը: Լայն արձագանքի արժանացած Ձեր գրքերով և հրապարակումներով, որոնցում նաև մեր ազատամարտի ողջ տարեգրությունն է, նպաստում եք աշխարհասփյուռ հայության համախմբմանն ու միասնականացմանը:

 

Որպես ճանապարհորդ և բժիշկ՝ «Կիլիկիա» և «Արմենիա» նավերով կատարած շուրջերկրյա ճանապարհորդություններով, Հայաստանի Հանրապետության և Արցախի պետական դրոշները պարզած հատելով ծովեր ու օվկիանոսներ, սատարել եք մեր պայքարի միջազգայնացմանը:

 

Մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ եռանդ և ստեղծագործական նորանոր հաջողություններ»: