Տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Միգրացիոն գործակալությունն ուսումնասիրում է ադրբեջանցի 5 հոգանոց ընտանիքի Հայաստան գալու պատճառները: Մինչ որեւէ որոշում կայացնելը գերատեսչությունում պետք է պարզեն, թե արդյոք ընտանիքը Ադրբեջանում հալածվում էր Ժնևյան կոնվենցիայով սահմանած' քաղաքական համոզմունքւ, էթնիկական ծագման, քաղաքացիության պատկանելիության և այլ հիմքերից որևէ մեկով:
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան'միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանն ասաց, որ Ջավիդ Օրուջեւի ընտանիքը գտնվում է Հայաստանում, նորմալ պայմաններում:
«Դեպքը դիտարկում ենք որպես ապաստանի հերթական հայց: Մեզ համար բացարձակապես որևէ կապ չունի, որ երկրից են եկել' Ադրբեջանից, թե աֆրիկյան որևէ երկրից»,- նշեց Գագիկ Եգանյանը' հավելելով, որ ապաստան տրամադրելու հայցի հետ կապված կան որոշակի ընթացակարգեր եւ իրենք շարժվում են ըստ այդ կարգի:
«Ժամկետը սահմանված է վարչարարության մասին օրենքով' մեկ ամիս, առանձին դեպքերում' երեք ամիս: Այս պահին հարցը լուծման գործընթացի փուլում է, հետեւաբար, ավելին ասել չեմ կարող»,- ասաց Գագիկ Եգանյանը:
ՀՀ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության համաձայն' հունվարի 29-ին հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ է դիմել Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջևը' իր, կնոջ և երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով: Ջավիդ Օրուջևը պատմել է, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումները սկսվել են հայկական արմատներով կնոջ' Բաքվի բնակիչ, 1983թ. ծնված Ռոյա Միրզոևայի հետ ամուսնանալուց հետո: Չդիմանալով անմարդկային կեղեքումներին' Ջավիդ Օրուջևը պարտադրված համաձայնել է համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, և կնոջ' արտասահմանում բնակվող ազգականների միջոցով տվյալներ հայթայթել Հայաստանի և Սփյուռքի վերաբերյալ:
Գիտակցելով իր և ընտանիքի սպառնալից իրավիճակը' Օրուջևը անհաջող փորձ է կատարել բնակություն հաստատել եվրոպական երկրներից մեկում, որտեղից Բաքու արտաքսվելուց հետո նրա հանդեպ ավելի են ուժգնացել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ճնշումները: Հայտնվելով անելանելի իրավիճակում և, զգալով իր ընտանիքին սպառնացող իրական վտանգը, Ջավիդ Օրուջևը որոշել է քաղաքական ապաստան խնդրել Հայաստանի իշխանո ւթյուններից: