«Նաիրիտ»-ից ռուսական կողմի վերջնականապես հրաժարվելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

 

Այս մասին նշված է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տրամադրած հաղորդագրության մեջ, որում ասված է. «Ի պատասխան մամուլում շրջանառվող այն լուրերին, թե իբր ռուսական կողմը վերջնականապես հրաժարվել է «Նաիրիտից», ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ը տեղեկացնում է, այդ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում, քանի որ առաջիկա շաբաթվա ընթացքում Երևան կժամանի «Ռոսնեֆտ» ընկերության աշխատանքային խումբը՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետ կապված հետագա քայլերը քննարկելու նպատակով:

 

Ինչ վերաբերում է իրանական «SandbadTir INTL Transport Co.LTD» ընկերությանը, ապա «Նաիրիտ գործարան» ՓԲԸ նամակ է ուղարկել իրանական ընկերության իրավաբանական հասցեով՝ «գոյություն ունեցող պարտքի» վերաբերյալ հիմնավորող փաստաթղթեր ստանալու համար, սակայն «Նաիրիտը» ստացել է պատասխան, որ նշված իրավաբանական հասցեում նման ընկերություն գրանցված չէ»: