ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ) փետրվարի 12-ին տեղի է ունեցել «Զինված հակամարտություններում քաղաքացիական բնակչության պաշտպանությունը» խորագրով բաց քննարկում, որին մասնակցել և ելույթով է հանդես եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանությանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին ու Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում հրադադարի ռեժիմը խախտող սադրիչ գործողություններին:

 

Դեսպան Նազարյանը նշել է, որ հայկական կողմին մեծապես մտահոգում են ուժի կիրառման հումանիտար հետևանքները, և որ այդ անընդունելի գործելակերպի արդյունքում առավելապես ծանրանում է սահմանային գոտիներում քաղաքացիական բնակչության վիճակը: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ առիթ է ունեցել նախկինում ԱԽ-ում բարձրաձայնելու քաղաքացիական բնակչությանը դիպուկահարների կողմից հասցված վնասների խնդիրը' հավելելով, որ Հայաստանը հանդես է գալիս բռնության բոլոր դրսևորումներին վերջ դնելու օգտին ու մեծապես հավատում, որ հակամարտությունների հիմնարար ու հարատև լուծման կարելի է հասնել միայն խաղաղ միջոցներով և միջազգային իրավունքի հիման վրա: