Նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան իր' նկատմամբ կայացրած դատավճիռը բողոքարկելու հարցով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը: «Մենք հիմա քննարկում ենք մեր հետագա քայլերը և Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հարցը»,- ասաց Սիրունյանը՝ ընդգծելով, որ դա ժամանակ պահանջող աշխատանք է:

 

Նա տեղեկացրեց, որ Վարդան Սեդրակյանը լյարդի հետ կապված առողջական խնդիրներ ունի, սակայն նրա տրամադրությունը բարձր է: «Հիվանդությունն այնքան էլ ծանր չէ, բայց անհանգստացնում է»,- նշեց Սիրունյանը:

 

Նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը մեղավոր է ճանաչվել ԱԻՄ առաջնորդ, նախագահի մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը պատվիրելու մեջ եւ դատապարտվել է 14 տարվա ազատազրկման։