ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը ամիսներ առաջ հրաժարվել է իր կալանքի հարցով դիմել Եվրոպական դատարան։ Այս մասին այսօր՝ հունվարի 21–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
«Երբ դատարանները բավարարում էին Մանվել Գրիգորյանին կալանավորելու՝ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունները, մենք առաջարկեցինք Մանվել Գրիգորյանին՝ դիմել Եվրոպակա դատարան, սակայն նա հրաժարվեց՝ պատճառաբանելով՝ «Հայաստանին դատի չեմ տա»»,–ասաց նա։
Անդրադառնալով այն տեղեկություններին, թե Մանվել Գրիգորյանը մտադիր է բուժման նպատակով մեկնել Ֆրանսիա, Լևոն Բաղդասարյանն ասաց.
«Մանվել Գրիգորյանը նախքան կալանավորվելը պետք է բուժման կուրս անցներ Ֆրանսիայում, սակայն հայտնի պատճառներով, նա չկարողացավ մեկնել։ Նա այժմ ունի մեղադրյալի կարգավիճակ և դեռ հայտնի չէ՝ կգնա՞ Ֆրանսիա, թե՝ ոչ»։
Փաստաբանը նշեց, որ Մանվել Գրիգորյանը պատիժ չի կրում, և նրան այս պահին կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա։
«Ես բազմիցս հայտարարել եմ՝ եթե ապացուցվի նրա մեղքը, թող նա ամենապատասխանատու ձևով պատիժը կրի, սակայն հիմա նրան տանել բանտ՝ այն դեպքում, որ նրան կալանքի տակ պահելու հիմքեր չկան՝ տեղին և օրինաչափ չէ»,–ասաց Բաղդասարյանը: