Թուրքիայում արդի իսլամական գաղափարախոսության հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև լարվածության մասին խոսակցությունները և նոր տեղեկատվությունը չեն դադարում: Այս անգամ տեղեկություն է տարածվել այն մասին, թե Գյուլենն իր հետևորդներին պատվիրում է անիծել Էրդողանին, որպեսզի վերջինս մահանա: Այս մասին հայտնում է թուրքական «Թաքվիմ» լրատվական կայքը:
Այս ամենի մասին Էրդողանը տեղեկացել է Գյուլենին գաղտնալսելու արդյունքում: Ձայնագրության մեջ եղել են Գյուլենին պատկանող հետևյալ խոսքերը. «Երեք տարի է' անիծում եք, սակայն չի մահանում: Նշանակում է, ձեր անեծքը չի ընդունվում, քանի որ անկեղծ չեք»:
Ըստ վարչապետի պնդման' գյուլենականներին պատկանող հաստատություններում խմբակային անեծքներ են արվում Էրդողանի դեմ: Անիծելու կարգադրություն է տրվել գյուլենական համայնքի դպրոցներում սովորող բոլոր աշակերտներին: