Թուրքիայի հանրային TRT հեռուստաալիքով հեռարձակվող սերիալում տեսարաններից մեկը ցնցել է հանդիսատեսներին:

 

Չորեքշաբթի օրերին հեռարձակվող «Քըզըլէլմա» («Ոսկե խնձոր») սերիալի այդ տեսարանը դիտել են սոցցանցերի ռեկորդային թվով օգտատերեր:

 

Այդ տեսարանում Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT - հատուկ ծառայության մարմին) աշխատակիցը MIT-ի ղեկավարներից մեկի հետ զրույցում հայտնում է, որ Թուրքիա թափանցած զուգահեռ կազմակերպության թիրախը երկրի վարչապետն է: Այստեղ հետաքրքիր պահն այն է, որ սերիալում տրվում է ոչ թե ինչ որ նախատիպի, այլ հենց գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունը: Ահա սերիալի այդ դրվագը.

 

«-Պարոն խորհրդական, ասում եմ, որ նրան սպանելու են:

 

-Ու՞մ, ու՞մ են սպանելու:

 

-Թուրքիա թափանցած այդ կազմակերպությունը միայն մեկ թիրախ ունի` Վարչապետը:

 

-Իմ վարչապե՞տը:

 

-Այո, Թիրախը վարչապետն է: Ռեջեփ Թայիփ Էրդողանը»:

 

Ուշագրավ է, որ Թուրքիայի հանրային հեռուստաալիքով ամենաշատ դիտվող սերիալում այդ տեսարանը ցուցադրվել է դեկտեմբերի կեսերին ի հայտ եկած կոռուպցիոն սկանդալի պատճառով երկրի վարչապետ Էրդողանի ներքին քաղաքական դժվար կացության մեջ հայտնվելու օրերին: