Թուրքիայում դեկտեմբերի կեսերին իրավապահ մարմինների անցկացրած գործողությունների արդյունքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կազմած կառավարության կոռումպացվածությունը բացահայտվելուց հետո ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության և ԱԶԿ-ի միջև դիմակայությունն սկսել է ավելի խորանալ: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» թերթը:

 

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ը «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի պատգամավորական անձեռնմխելիությունը վերացնելու պահանջ է ներկայացրել երկրի խորհրդարան: Եթե խորհրդարանը քվեարկի Բահչելիի պատգամավորական անձեռնմխելիությունը վերացնելու օգտին, ապա «գորշ գայլերի» առաջնորդը կարող է ազատազրկման ենթարկվել 6 ամսից մինչև 5 տարի ժամկետով:

 

Նշվում է, որ դրա համար որպես հիմք ծառայել է 2013 թ. մարտի 23-ին Բուրսայում կազմակերպված միտինգում «գորշ գայլերի» պարզած' «Ասա մեռեք' կմեռնենք, խփեք' կխփենք» լոզունգը, ինչին Բահչելին արձագանքել էր. «Մի մտահոգվեք, դրա ժամանակը շուտով կգա…»:

 

Դրա հետ կապված' մի քաղաքացու բողոքի հիման վրա դատախազությունը որոշել է դատական գործ բացել Բահչելիի դեմ և խորհրդարանից պահանջել է զրկել նրան պատգամավորական անձեռնմխելիությունից: