Թուրքական Էսքիշեհիր քաղաքում պիցա մատակարարող տղամարդը, որ թքել է հաճախորդի պատվիրած պիցայի վրա, կարող է դատապարտվել 18 տարվա ազատազրկման՝ հայտնում է MilliGazete թերթը:

Պիցայի առաքիչը բացել է տուփը և թքել դրա մեջ՝ նկարահանելով իր արարքը բջջային հեռախոսի տեսախցիկով: Այս դրվագը արձանագրել է նաև հաճախորդի տան մուտքի մոտ տեղադրված հսկողության տեսախցիկը:

Հայցվորի փաստաբանը պահանջել է, որ առաքիչը դատապարտվի համապատասխան հոդվածի համաձայն' թունավորելու կամ առողջությանը դիտավորյալ վնաս հասցնելու փորձ կատարելու համար, ինչը կարող է հանգեցնել 2-ից 15 տարի ժամկետով ազատազրկման, ինչպես նաև մեղադրանք է առաջադրվել գույքին վնաս հասցնելու համար, ինչը պատժվում է 4 ամսից մինչև 3 տարի ժամկետով:

Անհաջող կատակասերն արդեն ազատվել է աշխատանքից և 4 հազար լիրա (մոտ 675 դոլար) տուգանք է վճարել, բայց դատավարությունը դեռ չի ավարտվել, և ամբաստանյալին կարող է սպառնալ մինչև 18 տարվա ազատազրկում: