Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին դատապարտել են 11 տարի և 2 ամիս ազատազրկման քրեական հեղինակություն Ազիզ Բաթուկաևին ապօրինաբար ազատ արձակելու համար:
Դատարանն Աթամբաևին մեղավոր է ճանաչել, նրան կզրկեն նաև պետական պարգևներից ու ունեցվածքից:
Նշենք, որ մեղադրող կողմը պահանջում էր 15 տարվա ազատազրկում:
2006 թվականին Բաթուկաևը դատապարտվել էր 16 տարի 8 ամիս ազատազրկման՝ ունեցվածքի բռնագանձմամբ: 7 տարի անց նա մեկնել էր Ղրղզստանից՝ պայմանական վաղաժամկետ ազատվելով «ծանր հիվանդության» պատճառով:
Աթամբաևը նաև մեղադրվում է սպանության, իշխանությունը զավթելու, կաշառակերության ու ապօրինի հարստացման համար:
2019 թվականին ղրղզական հատուկջոկատայիններն Աթամբաևին ձերբակալելու փորձի ժամանակ բախումներ է ունեցել նրա աջակիցների հետ: Ավելի ուշ նախկին նախագահին մեղադրեցին նաև անկարգություններ հրահրելու համար: