Թուրքիայի զինված ուժերում պարտադիր ժամկետային զինծառայության ժամանակ 2011թ. ապրիլի 24-ին սպանված հայ քաղաքացի Սևակ Բալըքչըի գործով դատարանը նոր որոշում է կայացրել:
Սևակի ծառայակից Քըվանչ Աղաօղլուն դիտավորյալ սպանության մեղադրանքով դատապարտվել է 16 տարի 8 ամիս ազատազրկման: Աղաօղլուին կալանավորել են դատական նիստի ժամանակ: Սևակ Բալըքչըի դատական գործը կրկին քննության էր դրվել 2018թ.:
Այս մասին հայտնւոմ է ermenihaber.am-ը։
Բալըքչըն սպանվել էր 2011թ. ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուք շրջանում թուրք զինվոր Քըվանչ Աղաօղլուի արձակած գնդակից:
2013թ. դատարանի կողմից ընդունված որոշմամբ՝ Աղաօղլուն արաքը որակվել էր ոչ թե դիտավորյալ, այլ՝ զենքի հետ անփույթ վարվելու հետևանքով կատարված սպանություն: Եվ նա դատապարտվել էր 4.5 տարվա ազատազրկման:
Սակայն Բալըքչըի ընտանիքը բողոքարկել էր վերոնշյալ որոշումը: Վերաքննիչ դատարանը բավարարել է բողոքարկման հայցը:
Քանի որ Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում վերացվեցին բոլոր ռազմական դատարանները, Սևակի գործը հանձնվեց քաղաքացիական դատարանի վարույթ: