ՆԱՏՕ-ի զինվորները Աֆղանստանում ոչնչացրել են Բաքվի 31-ամյա բնակիչ Թարլան Մամեդովին, ով որպես մոջահեդ կռվում էր զինված խմբավորումների կազմում: Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ Թարլան Մամեդովի նկատմամբ Ինտերպոլի կողմից որոնում էր հայտարարվել: Նա մեղադրվում էր զինված խմբավորումներ ստեղծելու, զենքով ապահովելու եւ ապօրինի զինված խմբերի կազմում Ադրբեջանի սահմաններից դուրս մարտերին մասնակցության մեջ:
Ըստ APA-ի' Թարլան Մամեդովը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղարար ուժերի զինվորների կողմից այս տարվա ընթացքում ոչնչացված թվով արդեն չորորդ ադրբեջանցի մոջահեդն է: ՆԱՏՕ-ի միջազգային կոալիցիոն ուժերի հետ մարտերում ավելի վաղ ոչնչացվել են Աֆղանստանում զինված խմբավորումների կազմում կռվող Սումգայիթի 36-ամյա բնակիչ Իմրան Գասըմովը եւ Շաքի քաղաքի 36-ամյա բնակիչ Ազար Յուսուբովը, Ֆիզուլիի շրջանի 39-ամյա բնակիչ Մուշվիգ Բայրամովը:
Ադրբեջանական մամուլն ալի վաղ հայտնել էր, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 100-ից ավելի ադրբեջանցի մոջահեդներ, իսկ 2014 թ-ի ընթացքում սպանված Ադրբեջանի քաղաքացի մոջահեդների թիվն արդեն հասել է 23-ի: Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը հաստատել է ադրբեջանցի մոջահեդների' Թուրքիայի վրայով Սիրիա անցնելու փաստը: