Հայաստանում մինչև տարեվերջ կմեկնարկի Չինաստանից դուրս ամենամեծ չինական դպրոցի շինարարական աշխատանքները: Դպրոցի շինարարական, բնապահպանական, ճարտարապետական հետազոտություններն արված են Չինաստանից եկած մասնագետների կողմից: Այդ մասին փետրվարի 15-ին հրավիրած ասուլիսին նշեց ՀՀԿ արտաքին կապերի գծով փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ շինաշխատանքները նախատեսվում է ավարտել 1.5- 2 տարում: «Նպատակ կա` կառուցել Չինաստանից դուրս ամենամեծ դպրոցը, որտեղ չինարեն կուսումնասիրեն: Որպես այդ դպրոցի վայր ընտրվել է Հայաստանը»,-  ասաց Աշոտյանը:

 

Նրա խոսքով՝ հայ-չինական հարաբերությունների հիմքում խնդիրների մեծ համակազմ է' տնտեսականից մինչև հումանիտար: Աշոտյանը նշեց, որ համագործակցության երկարաժամկետ ռազմավարական գործողությունների ծրագիր կիրականացվի ՀՀԿ և Չինաստանի կոմունիստական կուսակցության միջև:

 

Չինաստանը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերներից է: 2013 թվականին երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը գերազանցել է 450 միլիոն դոլարը: Երկկողմ համագործակցությունը հաջողությամբ զարգանում է տնտեսական, քաղաքական, կրթամշակութային, ռազմական և այլ ասպեկտներում: