2014թ. հուլիսի 1-ից սկսած դատախազների, դատավորների ու քննիչների կենսաթոշակները կսկսեն հաշվարկել այնպես, ինչպես ՀՀ մնացած բոլոր քաղաքացիներինը։ Նման կարգ է նախատեսված 2013-ի տարեվերջին ԱԺ-ի ընդունած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում կատարված փոփոխություններով: Կառավարության կողմից ներկայացված օրինագծով առաջարկվում էր վերանայել առանձին կատեգորիաների անձանց կենսաթոշակի հաշվարկման կարգը և ներդրնել հաշվարկման միասնականացված կարգ:
Ասել է թե՝ եթե մինչ այժմ դատախազները, դատավորներն ու քննիչները բավական բարձր թոշակ էին ստանում՝ շնորհիվ այն բանի, որ նրանց կենսաթոշակներն այլ կերպ էին հաշվարկվում, ապա հուլիսի 1-ից սկսած ստանալու են, այնքան, որքան ՀՀ բոլոր թոշակառուները: Թե ինչ հետևանքներ կարող է ունենալ սոցիալական երաշխիքների փոփոխությունը ՀՀ իրավական համակարգի վրա, փորձեցինք պարզել ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ զրույցում: «Ես կարծում եմ պետությունը պետք է լուրջ քաղաքականություն վարի, եթե գործել են կենսաթոշակի բարձր դրույքաչափեր, հետո չպետք է իջեցնեն, եթե սահմանել ենք, ապա առնվազն պետք է պահենք, եթե չենք ավելացնում»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:
Նա նաև կարծիք հայտնեց, որ գործող դատավորներից շատերը կգերադասեն գնալ կենսաթոշակի, քանի դեռ օրենքը չի գործում, քանի որ հին օրենքով ավելի բարձր կենսաթոշակ կստանան, քան՝ նոր օրենքի գործելուց հետո: «Դա սխալ կարգ է, և նվազեցնելը բերելու է հազար ու մի վատ երևույթների»,- կարծիք հայտնեց նախկին զինդատախազը: Օրենքի այս փոփոխություններն արդեն հասցրել են բուռն քննարկումների ու դժգոհությունների առիթ դառնալ, դատավորներն անգամ սպառնում էին գործադուլ հայտարարել, բայց օրենքն ընդունվեց և երեկ արդեն ստորագրվել է ՀՀ նախագահի կողմից:
Հեղինակ՝ Նելլի Դանիելյան