Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման համար ռուսական կողմը կներդնի 12 միլիոն դոլար: Կենտրոնի ստեղծումը թույլ կտա օգնության ձեռք մեկնել նաև Հայաստանի հարևան պետություններին: Այդ մասին փետրվարի 17-ին հրավիրած ասուլիսին նշեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը:

 

«Մեզ համար այս տարի կարևորագույն մի ուղղություն է լինելու հայ-ռուսական փրկարարական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծումը: Ռուսաստանի կողմից կներդրվեն մոտ 12 միլիոն դոլարին համարժեք տարբեր տեսակի սարքավորումներ, ավտոմեքենաներ, ուղղաթիռ: Բալահովիտում արդեն նորոգումներ ենք կատարում, հսկայածավալ աշխատանք է արվել, և մենք կունենանք փրկարարական արձագանքման միջազգային մարդասիրական այն կենտրոնը, որը կկարողանա ոչ միայն մեր կանչերին արձագանքել, այլ նաև' մեր հարևանների, և որտեղ որ հարկ կլինի»,- նշեց Գրիգորյանը:

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ստեղծվել է 2008 թվականին: ՀՀ ԱԻՆ կազմում գործում է տեխնիկապես հագեցած և միջազգային չափանիշներին համապատասխանող ճգնաժամային կառավարման կենտրոն: ՀՀ կառավարության որոշմամբ 2010 թ. Բալահովիտ գ յուղում 17.5 հա մակերեսով տարածք է հատկացվել ՀՀ ԱԻ նախարարությանը, որտեղ պետք է ստեղծվի հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն: