Գեղարքունիքի մարզի երկրագործական տնտեսությունների մեծ մասն արդեն իրենց համար շահավետ գներով իրացրել են կարտոֆիլի եւ կաղամբի բերքը եւ մտադրված են այս տարի որոշակիորեն ավելացնել դրանց ցանքերը' արդեն ակնկալիքներ ունենալով բերքի իրացման հնարավորություններից եւ շուկայի կարգավորումից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, փետրվարի երկրորդ կեսի դրությամբ' մարզի տնտեսություններում պահեստավորված է մնում շատ քիչ քանակությամբ պարենային կարտոֆիլի եւ կաղամբի բերք' մոտակա ամիսներին այն ավելի բարձր գներով իրացնելու ակնկալիքով: Վարչության պետի կանխատեսմամբ' նախորդ տարվա համամեմատ շուկայում արձանագրված բեկումը եւ իրացման դրական տեղաշարժը ոգեւորել է գյուղացիական տնտեսություններին ու բոլոր առումներով նպաստելու է կաղամբի եւ կարտոֆիլի ցանքերի ընդարձակմանը, բարձր բերքատվության ապահովմանը:
«Տնտեսություններում պահեստավորված է համապատասխան քանակի կարտոֆիլի բարձրորակ սերմացու: Առանձին ֆերմերային տնտեսություններում էլ առկա է վաճառքի համար պահեստավորված մեծ քանակությամբ սերմացու: Այնպես որ, ցանքի ժամանակ դրա պակաս չի զգացվի: Իսկ եթե սորտաթարմացման համար պահանջարկ լինի, մենք կարող ենք ներկրել բարձրորակ նոր տեսակներ»,- նշեց Վանիկ Հովհաննիսյանը: Ըստ վարչության պետի' Գեղարքունիքում այս տարի ստացվել է մոտ 150 հազար տոննա պարենային կարտոֆիլ, որի մոտ 90 տոկոսն արդեն համարվում է իրացված: Այժմ պարենային կարտոֆիլի 1 կիլոգրամը տեղում վաճառվում է 200 դրամով: Նույնքան գնով էլ իրացվում է 1 կիլոգրամ կաղամբը: