«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին նվիրված «Արև ենք միասին» երգի տեսահոլովակի մասնակիցների նախաձեռնությամբ Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում անցկացվեց արյունատվության ակցիա, որի շրջանակում հավաքագրված արյունն անվճար տրամադրվելու է կենտրոնում բուժում ստացող հիվանդներին: Ակցիան նվիրված էր փետրվարի 15-ին' քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրվան: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշեց, որ երեխաներն այս աշխարհում գոյություն ունեցող ամենակարևոր էակներն են: «Երեխաներին թեկուզ մի փոքր օգնելը, նրանց կողքին լինելը ինձ համար գուցե կյանքի կարևոր իմաստներից մեկն է: Եվ անշուշտ ուզում եմ առաջին հերթին մեծ շնորհակալություն հայտնել հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, ով փաստորեն գլխավորում է այս շարժումը և նրա շնորհիվ մենք տեսանք, թե արդեն քանի-քանի երեխաների են փրկել»,-ասաց Թոփչյանը:
Երգչուհի Նադեժդա Սարգսյանի գնահատմամբ' չկա մեկը, որը նման նախաձեռնությունների կողքին չկանգնի: «Մենք բոլորս միախմբված, միահամուռ ուժերով պետք է լինենք երեխաների կողքին, դա ոչ թե ցանկություն է, այլ նույնիսկ պարտականություն»,- ընդգծեց Սարգսյանը:
Հաղորդավար, «Արև ենք միասին» երգի խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը նշեց, որ նման նախաձեռնությունների մասնակցելու դեպքում, բոլորը միասին դառնում են մի մեծ արև, որը ի զորու է հրաշքներ գործել:
«Ես առաջին անգամ եմ մասնակցում, նախկինոմ առիթ չի եղել և ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ, և իմ արյունը կարող է ինչ-որ երեխայի կյանք փրկել»,- նշեց երաժիշտ Արթուր Իսպիրյանը:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանն առաջին անգամ էր դառնում արյան դոնոր: «Մենք սատարում ենք այն նպատակը, որն ունեն «Արև ենք միասին» երգը, «Նվիրիր կյանք» հիմնադրամը: Բոլորս միասին այսօր փորձում ենք մի կյանք փրկել»,-ընդգծեց Սմբատյանը' հավելելով, որ ուրախ է, որ այսօր այստեղ է:
Հաղորդավար Եգոր Գլումովը կորցրել է հաշիվը, թե քանի անգամ է արյան դոնոր դարձել: «Ես արդեն չեմ հիշում, թե քանի անգամ եմ մասնակցում, տարին մեկ անգամ արյուն եմ հանձնում: Կարծում եմ, որ արյուն հանձնելով օգնում ենք և պայքարում ենք ինչ-որ մի բալիկի կյանքի համար»,- նշեց հաղորդավարը' հավաստիացնելով, որ իր օրինակը ապացուցում է, որ դոնոր դառնալու դեպքում առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում:
Երգիչ Վարդան Բադալյանն էլ նշեց, որ շատ է կարևորում նման ակցիաներին մասնակցելը, որովհետև այսկերպ ինչ-որ բանով կարողանում է օգնել արյան կարիք ունեցող մարդկանց: «Սիրով միշտ մանսակցել եմ և նույնիսկ իմ ընտանիքի անդամներին եմ հորդորում, որ մասնակցեն»,- ասաց երգիչը:
Երաժիշտ, վոկալիստ Նաիրա Գյուրջինյանին բժիշկները որոշակի առողջական հակացուցումների պատճառով թույլ չտվեցին դառնալ արյան դոնոր: «Եկել եմ արյուն հանձնելու և շատ ամփոսում եմ, որ չեմ կարող հանձնել, իմ լուման ներդնել այս գործին»,- նշեց Գյուրջինյանը, ում գնահատմամբ' մարդիկ պետք է գիտակցեն դոնորության անհրաժեշտությունը, և հատկապես երիտասարդները մասնակցեն նման նախաձեռնությունների:
Հայաստանում տարեցտարի ավելանում են արյան պաշարները: Եթե 2000-2001 թթ. տարեկան իրականացվում էր մոտ 6000- 7000 արյունատվություն, ապա 2010 թվականին կատարվել է մոտ 13 հազար արյունատվություն, սակայն մեր երկիրն ունի հավաքագրվող արյան քանակի ավելացման խնդիր:
Ակցիայի մասնակիցների կարծիքով' կամավոր անվարձահատույց դոնորությունը ազգային պատվի և սեփական արյունը նվիրաբերելու մարդասիրական քայլ է, որը պետք է շարունակաբար քարոզվի, լուսաբանվի և խրախուսվի: Բազայում արյուն ունենալու համար անհրաժեշտ է գիտակցել, որ միայն հանձնած արյան շնորհիվ է հնարավոր փրկել մարդկանց կյանքեր:
Լրագրողների հետ զրույցում Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը նշեց, որ արյան տարբեր հիվանդություններով տառապող շուրջ 2500 հիվանդների, այդ թվում մոտ 500 երեխաների բուժման համար անհրաժեշտ են մեծ քանակությամբ արյան բաղադրամասեր և հենց այդ բացը լրացնելուն է միտված այս ակցիան: «ՀՀ առաջին տիկնոջ Ռիտա Սարգսյանի անմիջական ղեկավարությամբ' «Նվիրիր կյանք» հիմնադրամի կողմից կազմակերպած ակցիայի շրջանակում մեր կենտրոն են այցելել և դոնոր են դարձել հանրահայտ երգիչ- երգչուհիներ, շոու բիզնեսի աստղեր, նաև գործարարներ»,-ասաց գլխավոր արյունաբանը:
Նրա խոսքով' Հայաստանում կան մոտ 20 հազար ակտիվ դոնորներ, սակայն այդ թիվը դեռևս բավարար չէ բոլոր հիվանդների կարիքները հոգալու համար: Բժիշկը շեշտեց, որ ինչպես հիմնադրամի, այնպես էլ մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքը նպաստում է մեր երկրում ևս անվարձահատույց դոնորություն ակտիվացմանը: «Շատ հաճախ տվյալ հիվանդների հարազատներն ի վիճակի չեն լինում արյուն հանձնել, սակայն դա չի նշանակում, որ այս հիվանդները չեն ստանում անհրաժեշտ բուժօգնություն: Այս դեպքերում նրանց փոխներարկվում են կամավոր անհատույց դոնորներից հավաքագրված արյան բաղադրամասերը»,- պարզաբանեց Դաղբաշյանը:
«Նվիրիր կյանք» հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին ռուսաստանյան համանուն հիմնադրամի աջակցությամբ: Հիմնադրամի առաքելությունն է օգնության ձեռք մեկնել երեխաներին: Այն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով եւ արյան հիվանդությամբ տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը: «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին նվիրված «Արև ենք միասին» երգի տեսահոլովակի շնորհանդեսը 2013 թվականի հունիսի 1-ին համախմբել էր հայտնի մշակութային, հասարակական գործիչներին մեկ' բարեգործության գաղափարի շուրջ: Տեսահոլովակի երգի երաժշտու թյան հեղինակն առաջին տիկինն է, խոսքերի հեղինակը' Ավետ Բարսեղյանը, գործիքավորումն իրականացրել է Արա Թորոսյանը: Տեսահոլովակի նկարահանմանը մասնակցել են հայկական մշակութային հանրահայտ գործիչներ, էստրադայի գրեթե բոլոր ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: