Հայաստանում գործատուների գրեթե 90 տոկոսը հաշվարկել են կուտակային կենսաթոշակների համար նախատեսված վճարումները և պահումներ են կատարել: Նրանք պարտավոր են այդ գումարները փոխանցել գանձապետարանում բացված միասնական հաշվի վրա: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: «Հարց է առաջանում, որ եթե գործատուները պահել են իրենց աշխատակիցների գումարները, բայց չեն վճարելու այդ հաշվին, ապա ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ գործատուն, կոպիտ ասած, տոկոս է աշխատում այդ պահումներից, այն դեպքում, որ եթե այդ պահումները փոխանցված լինեին այդ գումարների նույն տոկոսը կստանան աշխատակիցները: Այս առումով, գործատուները կարող են ենթարկվել կրկնակի պատասխանատվության՝ աշխատողի ու պետության կողմից»,- ասաց նախարարը:
Դիտարկմանը, որ ՍԴ-ն համապատասխան որոշմամբ կասեցրել է պատասխանատվությունը մինչև մարտի 28-ը, նախարարը նշեց, որ ինքը թեև իրավունք չունի մեկնաբանել ՍԴ որոշումը, այնուամենայնիվ, իր տարրական գիտելիքները իրավունքի մասին ասում են, որ պատասխանատվությունն էլ լինում է տարբեր տեսակի: Այն պատասխանատվությունը, որը գործատուն կրում է պետության առջև, երբ գանձելով իր աշխատակիցներից գումարները' պահել է իր հաշվին, այդ դեպքում աշխատակիցը միանշանակ իրավունք ունի պահանջել իր գումարները գործատուից ու ենթարկել նրան պատասխանատվության: «Պետությունը ևս, որ պես աշխատողների իրավունքները պաշտպանող, նույնպես հետևողական է լինելու, որպեսզի գործատուները չպահեն այդ գումարները և փորձեն եկամուտներ ստանալ դրանից»,- նշեց նախարարը:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում ուժի մեջ է մտել հունվարի 1-ից: Հունվարի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կասեցվել էր «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածը և 86-րդ հոդվածի երրորդ մասը, որոնք, ազատում են պատիժներից, եթե գործատուները մինչև մարտի 28-ն իրենց աշխատողների աշխատավարձից չեն կատարում պարտադիր պահումները: «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի սահմանադրականության հարցը Սահմանադրական դատարանը կքննի մարտի 28-ին: