Միջազգային հանրության ուշադրությունը երեկվանից թեև ուղղված է Կիևի անկարգություններին, այնուամենայնիվ, Իրանի միջուկային ծրագրի բանակցային գործընթացի հերթական ռաունդը ևս փորձագիտական կարծիքների պակաս չի զգում: Նախօրեին Վիեննայում մեկնարկած Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլը խոստանում է հագեցած ու դժվարին լինել, իսկ ժամանակավոր, մարտավարական համաձայնություններից երկարաժամկետ, ռազմավարական պայմանավորվածությունների անցումն իրատեսական չի թվում: Դիմակայության հիմնական կենտրոնների՝ Իրանի և ԱՄՆ-ի առաջնորդները դեռևս մինչև բանակցությունների սկիզբը հասցրել են թերահավատորեն արտահայտվել բանակցային գործընթացի ներկայիս փուլի ու դրա սպասվող արդյունքների վերաբերյալ:
Համաշխարհային լրատվամիջոցներն ակտիվորեն շրջանառում են Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի՝ բանակցային այս փուլից առաջ արված հայտարարությունը, թե ինքը համամիտ չէ որոշ լավատեսական, բանակցությունների հետ հույսեր կապող ուժերի հետ, սակայն չի խոչընդոտի դրանց անցկացմանը: Հատկապես արևմտյան լրատվամիջոցների կողմից այս թեզի շահարկումը, թերևս, հստակ նպատակ ունի՝ անարդյունք բանակցությունների դեպքում մեղադրել պաշտոնական Թեհրանին:
ԱՄՆ-ն առհասարակ վերջին շրջանում խստացրել է ամիսներ առաջ իր իսկ կողմից իրականացված վերալիցքավորման քաղաքականությունը Թեհրանին միջազգային մեկուսացումից հանելու ուղղությամբ: Նախագահ Օբաման վերջերս նախազգուշացրեց իրանական կողմին, թե ԱՄՆ-ն առաջիկայում ևս շարունակելու է պատժամիջոցների կիրառումը, իսկ Իրանի հետ պայմանագիր կնքելու հավանականությունը գնահատեց որպես 50/50:
Այս խստաշունչ հռետորաբանությանը գումարվեց, թերևս, ամենաանսպասելին՝ ամերիկացի գլխավոր բանակցող Ուենդի Շերմանը հայտարարեց, թե ԱՄՆ-ն մտադիր է օրակարգ մտցնել նաև Իրանի հրթիռային ծրագրի հարցը, որն, ի դեպ, բանակցային ոչ մի փուլում երբեք չի քննարկվել: Ավելին, ամերիկյան դիվանագետները կապակցում են իրանական միջուկային ծրագիրը սիրիական ճգնաժամի, ավելի կոնկրետ՝ Օբամայի այն հայտարարության հետ, թե ԱՄՆ-ն հիասթափված է Սիրիայում իրավիճակի զարգացումներից, և պետք է ճնշում գործադրել ՌԴ-ի և Իրանի նկատմամբ՝ պարտադրելու նրանց համաձայնել Ասադի տապալմանը :
Իրականում Վիեննայի բանակցությունների օրակարգը՝ ուրանի հարստացման շարունակական կրճատում և մի քանի ատոմային ռեակտորների գործունեության կասեցում, Վաշինգտոնին այս փուլում նվազ հետաքրքիր են: Երբ իսլամական հանրապետությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնություն կնքեց մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ միջազգային դիտորդների կողմից վերահսկողության հնարավորության, իրանական ատոմի խաղաղ բնույթի հաստատման մասին շտապեցին արձանագրել անգամ արևմտյան փորձագետներն ու պաշտոնյաները: Նույնիսկ ՄԱԳԱՏԷ-ն, որը երբեք չի փայլել իրանական միջուկային ծրագրի նկատմ ամբ անաչառությամբ, Իրանի հետ այս համաձայնությունը բեկումնային որակեց:
Այս օրերին ակնհայտ են հակաիրանական կոալիցիայի ներքին անհամաձայնությունները, որոնք, ի դեպ, սկիզբ առան հենց ՄԱԳԱՏԷ-ի հետ հայտնի համաձայնագրի կնքումից հետո: Առավել չափավոր տրամադրված բանակցային թևը՝ ի դեմս ԵՄ-ի, հիմնական խնդիր է համարում իրանական շուկայի մատչելիությունը: Հետաքրքրական է, որ երբ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների՝ վերջերս Վաշինգտոնում կայացած հանդիպմանն Օբաման Օլանդին ակնարկեց Թեհրանում բիզնես-դեսանտ իջեցնելու, այն է՝ խոշոր բիզնեսի ներկայացուցիչների Իրան գործուղելու՝ Փարիզի քայլի մասին, Օլանդը կտրուկ պատասխանեց, թե Ֆրանսի այի և ոչ թե ձեռնարկատերերի նախագահն է, և չի պատրաստվում մասնավոր կապիտալին ուղղություն ցույց տալ արտասահմանյան ներդրումների ոլորտում:
Իհարկե, մինչև վերջերս դա այդպես չէր, հակառակը՝ ԵՄ երկրների կառավարություններն իրենց խոշոր ձեռնարկատերերին չէին խրախուսում իրանական ուղեգիծը, որքան էլ այն հրապուրիչ լիներ, անգամ քրեորեն պատժում էին Իրանի հետ գործակցողներին: Այսօր ԵՄ-ն և Իրանի հետ բանակցային վեցյակում ներկայացված նրա երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան, հակվում են այն մտքին, որ Իրանը կարող է եվրոպական ճգնաժամի այլընտրանքային փրկօղակ դառնալ, հետևաբար՝ արդեն իսկ կարելի է խոսել կառավարությունից մասնավոր կապիտալի անկախության մասին: Ավելին, հակաիրանական կոալիցիայի չափավոր, եվրոպական հատվածն այսօր հանդես է գալիս բավական խիզախ, աննախադեպ նախաձեռնությամբ՝ Թեհրանը պետք է եվրոպական ընկերությունների հետ պայմանագրեր կնքի ատոմային էներգետիկայի ոլորտում: Այս փորձնական փուչիկն ակտիվորեն շրջանառվում է նաև իրանական հասարակությունում, հատկապես՝ իրանցի արևմտամետ տեխնոկրատների շրջանում:
Առավել կոշտ դիրքորոշում որդեգրած ԱՄՆ-ն, ըստ փորձագետների, այս փուլում Իրանի միջուկային ծրագրի շուրջ շահարկումներն օգտագործում է հիմնական սիրիական հակամարտության համատեքստում: Հայտնի է, որ Իրանն ասադյան Սիրիայի առաջին պաշտպանն է և երբեք Վաշինգտոնի հետ գործարքի չի գնա՝ ի վնաս պաշտոնական Դամասկոսի շահերի: Հետևաբար, ԱՄՆ-ն Իրանի վրա ճնշման մեծացմամբ և նոր պատժամիջոցների սպառնալիքներով կարող է փորձել ազդել սիրիական հարցում իսլամական հանրապետության դիրքորոշման վրա:
Դավիթ Սարգսյան