Ռեգիոնների կուսակցության խմբակցությունից մի խումբ ժողովրդական պատգամավորներ Գերագույն ռադայի շտապ նիստ են նախաձեռնում կառավարման խորհրդարանական-նախագահական ձևին վերադառնալու համար և աջակցություն են հայտնում ուկրաինացի ժողովրդին: Այս մասին հայտնում է interfax-ը:
«Մենք՝ Ուկրաինայի մի խումբ ժողովրդական պատգամավորներս, կոչ ենք անում փետրվարի 20-ին շտապ կարգով Գերագույն ռադայի նիստ հրավիրել կառավարման խորհրդարանական-նախագահական ձևին վերադառնալու համար»,-ասված է պատգամավորների համատեղ հայտարարության մեջ:
Նրանք նաև հայտարարել են ուկրաինացի ժողովրդին ու նրա կամարտահայտմանն իրենց աջակցության մասին:
Պատգամավորները նաև դիմել են ներքին զորքերի, ՆԳ նախարարության ստորաբաժանումների զինծառայողներին և Ուկրաինայի անվտանգության ծառայությանը՝ խնդրելով «կատարել Ուկրաինայի ժողովրդին տված երդումը», այլ ոչ թե այն «հանցավոր հրամանները, որոնք ուղղված են հրազենի կիրառմանը, թույլ չտալ իրավապահ մարմինների մասնակցությունը խաղաղ բնակչության և ամբողջ Ուկրաինայում ցույցի ելածների դեմ քրեական տարրերի կիրառմամբ սադրանքներին»:
Հայտարարությունն ստորագրել են Ռեգիոնների կուսակցության խմբակցությունից պատգամավորներ Անդրեյ Դերկաչը, Վլադիմիր Զուբիկը, Գրիգորի Սմիտյուխը, Ալեքսանդր Կուզմուկը, Վլադիմիր Պեխովը, Վլադիմիր Պրոդիվուսը, Վլադիմիր Ստրուկը, Նիկոլայ Սորոկան, Վիկտոր Բոնդարը, Վիկտոր Տիխոնովը, Ալեքսանդր և Անդրեյ Տաբալովները: