Նոր կենսաթոշակային համակարգը կապահովի երաշխավորված և համարժեք կենսաթոշակ թոշակառուներին, ստվերից դուրս կբերի աշխատողների աշխատավարձերը, կբարելավի հարկային վարչարարությունը և կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, կխթանի տնտեսական զարգացումը՝ արդյունավետ կերպով ներդնելով կենսաթոշակային վճարները: Այս մասին նշել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը' Կենսաթոշակային երրորդ միջազգային տարեկան համաժողովի ժամանակ:
«Հավատացած ենք, որ նոր կենսաթոշակային համակարգը շրջահայաց ձևով մշակված է՝ պաշտպանելու համար ապագա կենսաթոշակառուների շահերը: Այն Հայաստանի աշխատողներին հնարավորություն կտա բարելավել իրենց ֆինասական ապահովվածությունը կենսաթոշակային տարիքում՝ եկամուտների աղբյուրները դիվերսիֆիկացնելու, այդ թվում' մասնավոր, կրկնում, եմ մասնավոր կենսաթոշակային հիմնադրամում խնայողություններ կատարելու միջոցով»,- ասաց դիվանագետն' ընգծելով, որ առաջ շարժվելու համար կարևորվում են մի շարք խնդիրներ, որոնցից է հանրային լայն իրազեկումը:
Ըստ նրա' վերջին զարգացումները ցույց են տալիս, որ բարեփոխումների հետ կապված նույնիսկ ամենահիմնական բաները հասկանալի չեն մարդկանց: Այդ առումով կառավարությունն, աշխատելով քաղաքացիական հասարակության ու ԶԼՄ-ների հետ, պետք է իրազեկի ու պարզաբանի բարեփոխումները, դա պետք է արվի ոչ մեկ կամ երկու անգամ: «Հասարակության վստահությունն ավելի մեծ կլինի, եթե խնդրի բոլոր կողմերում գտնվող քաղաքացիները հնարավորություն ունենան իրենց ներդրումն ունենալ կառավարության կողմից կատարվող իրազեկման աշխատանքներում»,- նկատեց դեսպանը:
Նրա համոզմամբ' ճշգրիտ, ներառական, թափանցիկ և համընդգրկուն իրազեկման արշավները կմեծացնեն վստահությունը բարեփոխումների նկատմամբ և կնպաստեն դրանց հաջողությանը: Մեկ այլ առանցքային գործոն է ֆինանսական գրագիտությունը: Աշխատողներն ու ապագա կենսաթոշակառուները պետք է հասկանան, թե ինչպես է ձևավորվում իրենց ապագա կենսաթոշակը: Իսկ կենսաթոշակային բարեփոխման հաջող իրականացման կարևոր գործոնները ներառում են Հայաստանի տնտեսության զարգացմանը միտված ամուր ներդրումային քաղաքականությունը, շրջահայաց կարագավորումը, որը կմեծացնի հասարարակությ ան վստահությունը համակարգի նկատմամբ և կպաշտպանի կենսաթոշակային հիմնադրամի մասնակիցների շահերը, և առավելագույնս թափանցիկ ու ճշգրիտ հաշվետվությունների ապահովումը բոլորի կողմից: «Մենք ողջունում ենք Հայաստանի կառավարության ջանքերն այս նոր համակարգի հիմքերը ձևավորելու ուղղությամբ: Այժմ հարկ է ավելի շատ տեղեկատվություն ապահովել այն մասին, թե համակարգն ինչպես է ապահովելու քաղաքացիների կողմից կատարվող կենսաթոշակային հատկացումների երաշխավորվածությունը, նպատակային գործածումը և անկողմնակալությունը: Գործատուները նույնպես որոշ պատա սխանատվություն ունեն: Նրանք պետք է որդեգրեն կորպորատիվ կառավարման լավագույն սկզբունքները, որպեսզի կրճատվի ստվերային տնտեսությունը»,- նշեց Հեֆֆերնը' շեշտելով, որ այլևս անցյալում պետք է մնան այն ժամանակները, երբ եկամուտների, շահույթի, աշխատավարձերի ու սոցիալական վճարումների տվյալները ամբողջովին չէին ներկայացվում հաշվետվություններում՝ հարկերից խուսափելու նպատակով:
Այս բարեփոխումների շրջանակում կենսաթոշակային հիմնադրամները կկառավարվեն ակտիվների կառավարման 2 մասնավոր ընկերությունների կողմից, որոնք միջազգային համբավ և հաջող գործունեության երկար պատմություն ունեցող ընկերություններ են, մեկը՝ ֆրանսիական, մյուսը՝ գերմանա-ավստրիական: Ամերիկացի դիվանագետը նաև նկատեց, որ գոյություն ունի վստահության պակաս կառավարության, հայաստանյան հաստատությունների և քաղաքացիների միջև, ուստի, կառավարությունը պետք է աշխատի այս բացը լրացնելու ուղղությամբ՝ լրջորեն ներգրավելով քաղաքացիներին, շտկելով բոլոր թյո ւրըմբռնումներն ու լսելով և արձագանքելով վերջիններս մտահոգություններին: