Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենսդրական փաթեթը հանրային կյանքի առաջընթացի համար բացառիկ կարևոր նախաձեռնություն է համարում: Ազգային ժողովում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նա նշեց, որ կառավարության այ դ նախաձեռնությանը նախորդել են բազմաթիվ քննարկումներ, առարկայական վերլուծություններ:

 

«Այդ քննարկումների և վերլուծությունների արդյունքում մենք արձանագրել ենք, որ կենսաթոշակային բարեփոխումները անհրաժեշտություն են մեր երկրի համար, ինչպես նաև արձանագրել ենք, որ այդ բարեփոխումները պետք է լինեն ընդգրկուն: Եվ ես կարծում եմ, որ կառավարությունն այս նախաձեռնությամբ կատարել է առաջին քայլը»,- ասաց Հարությունյանը;

 

Խոսրով Հարությունյանը կարծիք հայտնեց, որ կառավարությունը, նոր նախագիծը մշակելիս, հաշվի է առել քաղաքական փոքրամասնության, ինչպես նաև հանրության կարծիքը: «Քաղաքական փոքրամասնությունը ժամանակին առաջարկում էր օրենքի կիրառումը հետաձգել 6 ամսով, իսկ հիմա կառավարությունը հետաձգում է 3 տարով: Այո, ըստ էության կառավարությունը մինչև 2017թ. հետաձգում է այս համակարգի կիրառումը»,- նշեց պատգամավորը:

 

Նա ընդգծեց, որ օրենսդրական այս փաթեթն առաջին հերթին ուղղված է երկրում քաղաքացիական ծառայության առաջընթացի ապահովմանը: Պատգամավորը նշեց, որ քաղաքացիական ծառայության համակարգը մրցունակ չէ, և պետությունը պետք է քայլեր ձեռնարկի այն մրցունակ դարձնելու ուղղությամբ, որի համար առաջնահերթ է քաղաքացիական ծառայողների կարիերայի առաջընթացի համար կանխատեսելի պայմաններ և ապագայի համար սոցիալական երաշխիքներ ստեղծել: «Եվ կառավարությունն այս նախագծով հենց սոցիալական երաշխիքներ ստեղծելու քայլ է անում: Կառավարությունն ասում է, որ հուլիսի 1-ից էականորեն բարձրացնում է պետական բյուջեից սնվող աշխատող քաղաքացիների աշխատավարձերը և դրա շրջանակներում իրեն իրավունք է վերապահում նրանց համար սոցիալական ապահովության երաշխիքներ ստեղծել ապագայի համար՝ նրանց հետագա կենսաթոշակի համար սահմանելով սոցիալական նպատակային վճարի ինստիտուտը»,- ասաց ՀՀԿ պատգամավորը:

 

Պատգամավորն ընդգծեց, որ կառավարությունը որոշել է քայլ առ քայլ իրականացնել կենսաթոշակային բարեփոխումները, և նախագծի այս տարբերակն ընդունելի է: «Եվ պետք է համաձայնեմ այն կարծիքների հետ, որ նախագիծը լրամշակման կարիք ունի, սակայն ընդհանուր բովանդակությունը շատ հստակ է և ընդունելի»,- եզրափակեց Հարությունյանը:

 

Ազգային ժողովը քննարկում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին կառավարության նոր օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է պարտադիր կուտակային վճարները սահմանել որպես նպատակային սոցիալական վճար: Օրենքի ընդունումից հետո այն կտարածվի միայն պետական հատվածի աշխատողների վրա, իսկ մասնավոր հատվածի համար այն կամավոր կլինի մինչև 2017թ.: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վստահեցրեց, որ նոր փոփոխություններով կառավարությունը համապատասխանեցրել է օրենքը ՀՀ Սահմանադրությանը և ականջալուր < /i>է եղել քաղաքացիների բողոքներին ու մտահոգություններին: