Արդեն շուրջ 10 օր է, ինչ արգելանք է դրված Վանաձոր համայնքի բյուջեի վրա: Այս մասին գրել էր «Հրապարակ» օրաթերթը:

 

Տեղեկությունը ճշտելու համար Լուրեր.com-ը զրուցել էր մամուլի պատասխանատու Էդիկ Հովսեփյանի հետ, ով ասել էր, որ կայքում կտեղադրվի պարզաբանումը, որն էլ հրապարակվեց բավական ուշ: Պարզաբանումը ներկայացնում ենք ստորև.

 

«Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների, կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև ծագած վեճերը լուծվում են դատական կարգով:

 

Տվյալ դեպքում դատարանը 05.10.2011թ. դատական ակտ կայացնելով խախտել է Վանաձոր համայնքի ավագանու իրավունքները' նրան գործի քննությանը մասնակից չդարձնելով:

 

Դատարանի վճռի հիման վրա տրված կատարողական թերթով ԴԱՀԿ ապահովող ծառայության 30.01.2014թ. որոշումներով արգելանք է դրվել Վանաձորի քաղաքապետարանին պատկանող շարժական և անշարժ գույքի, ինչպես նաև դրամական միջոցների վրա:

 

Դատարան դիմելու իրավունքը շատ ավելի լայն մեկնաբանություն ունի, քան միայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը: Դատարան դիմելու իրավունքը չի կարող սահմանափակվել, առավել ևս եթե խախտվել են Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրավունքներ:

 

Այս հիմքով Վանաձոր համայնքի ավագանին դիմել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:

 

Բողոքի հիմնավորվածությունը ՀՀ օրենսդրությանը համապատասխան կորոշի միայն դատարանը»: