Հայաստանի խնդիրը ոչ թե այն է, որ ընդդիմությունը չի միավորվում, այլ այն, որ ընդդիմություն գոյություն չունի: Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի մեկնաբանությամբ, Հայաստանում պետք է նախ ընդդիմություն ստեղծվի: «Իսկ այսօրվա ընդդիմադիր ուժերը կմիավորվեն, թե ոչ, այնքան էլ հետաքրքրական չէ, եւ դա չի կարող էական նշանակություն ունենալ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը' հավելելով, որ չորս ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունը Ազգային ժողովի հերթական նստաշրջանի ժամանակ կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ' քաղաքականություն է հանուն քաղաքականության:

 

Իսկանդարյանը հիշեցնում է, որ նման դեպքեր գրանցվել են եվրոպական բազմաթիվ երկրներում, երբ միավորվել են քաղաքական ուժերը, որոնք երկար ժամանակ չեն կարողացել անգամ սեղանի շուրջ նստել եւ բանակցել: «Սակայն, այն տեսքով, որով Հայաստանում է ներկայացվում, ապացուցում է քաղաքական դաշտի թույլ եւ անմխիթար լինելը: Յուրաքանչյուր երկրորդ դասարանցի, որ դպրոցում մաթեմատիկայից «4» է ստանում կհասկանա, որ որեւէ կերպ ազդել քաղաքականության վրա այդ ուժերը չեն կարող: Այն ակցիաները, որ նրանք իրականացնում են, հավաքում են նույնքան ուշադրություն եւ մարդ, որքան մի քանի երիտասարդներ փողոցում: Որոշ դեպքերում երիտասարդներն ավելի շատ մարդ կհավաքեն:

 

Այդ ուժերը գոյության պայքար են մղում: Սա քաղաքական խաղ է քաղաքական դիակ չդառնալու համար»,- ասաց Իսկանդարյանը' հավելելով, որ այն բանից հետո, երբ հանրապետականները բոլոր համապետական ընտրություններում հաղթանակ տարան եւ ամեն տեղ կազմեցին մեծամասնություն, քաղաքական ուժերը հասկացան, որ նրանք պետք է ինչ-որ բանով զբաղվեն առաջիկա երեք տարիներին: ‹‹Կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը հենց այդ զբաղմունքներից է»,- շեշտեց քաղաքագետը'հավելելով, որ առաջիկա երեք տարիներին ականատես կլինենք նման ակցիաների, հոդվածների, հայտարարությունների, կխոսեն նաեւ միավորման մասին, որն այդպես էլ տեղի չի ունենա:

 

ԱԺ ոչ իշխանական 4 ուժեր նախատեսում են միավորվել եւ ԱԺ առաջիկա նստաշրջանին անվստահություն հայտնել կառավարությանը: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարել է, որ ՀՀԿ-ի օրակարգում կառավարությանն անվստահություն հայտնելու հարց չկա: