ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ս/թ փետրվարի 11-ին դիմել է ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով: Փաշինյանի դիմումը «ՀԺ»-ն ներկայացրել է ամբողջությամբ.

 

«Հարգելի հանձնաժողով. «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությունից ստացել եմ գրություն (կցվում է), որով ինձ առաջարկվում է գլխավորել օրաթերթի խմբագրական խորհուրդը: Թերթի գլխավոր խմբագրի և թողարկման պատասխանատուի կողմից ստորագրված գրության մեջ պարզաբանվում է, որ աշխատանքը խմբագրական խորհրդում լինելու է բացառապես ստեղծագործական բնույթի՝ մասնավորապես՝ հանդես գալ հրապարակումներով, թեմատիկ առաջարկներով, աջակցել լրագրողների, ստեղծագործական կազմի վերապատրաստմանը: Պարզաբանվում է նաև, որ խմբագրական խորհուրդը չի լինելու «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի կառուցվածքային ստորաբաժանում, գործելու է հասարակական հիմունքներով, որպես հասարակական-աշխատանքային միավոր, այսինքն՝ աշխատանքը խմբագրական խորհրդում չի ենթադրում աշխատավարձ և պիտի իրականացվի ոչ վճարովի հիմունքներով:

 

Հարգելի հանձնաժողով. Հաշվի առնելով, որ վերը նկարագրված գործունեությունը համահունչ է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի երկրորդ մասի, ինչպես նաեւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասին' «Ազգային ժողովի» կանոնակարգ օրենքի 24.2 հոդվածի, 1-ին մասի դ) կետի համաձայն խնդրում եմ եզրակացություն ներկայացնել վերը նշված աշխատանքը ստեղծագործական աշխատանք համարելու վերաբերյալ: Կանխավ շնորհակալություն»: