Գարնանային նստաշրջանից Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովում Հայ ազգային կոնգրեսի անդամ Նիկոլ Փաշինյանին կփոխարինի ՀԱԿ-ական մեկ այլ պատգամավոր, ՍԴՀԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջանգիրյանը:

«Նիկոլ Փաշինյանի առաջարկությունն է եղել, որ իր լիազորությունները ավարտվում են, եւ ինքը ցանկանում է վայր դնել Էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունները, մենք էլ առաջարկել ենք Լյուդմիլա Սարգսյանին»,- ասաց նա:

Նշենք, որ «ԱԺ Կանոնակարգ» օրենքի համաձայն' Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը հաջորդաբար ռոտացիան կարգով պետք է ղեկավարեն ամենամեծ իշխանական եւ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները: Խմբակցությունները առաջադրում են իրենց թեկնածուներին, այնուհետեւ ԱԺ նախագահը որոշում է, թե ով առաջինը կղեկավարի Էթիկայի հանձնաժողովը: Առաջինը Էթիկայի հանձնաժողովը ղեկավարել է Դավիթ Հարությունյանը, այնուհետեւ' Նիկոլ Փաշինյանը: