Ծավալված իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմությունն ի վիճակի չէ այսօր հաղթել, դեռ պատրաստ չէ, իսկ Հայաստանն էլ, ցավոք, չի կարող զարգանալ այն ուղիով, որը հիմա ընտրել է: «Առաջին լրատվական»-ի հետ հեռախոսազրույցում նման տեսակետ հայտնեց ՀԺԿ անդամ, Բելգիայում բնակվող Գրիշա Վիրաբյանը. «Հայաստանում չկա կազմակերպված այնպիսի ընդդիմություն, որը կարողանա այս իշխանություններին հաղթել, այդ պատճառով Հայաստանում արդեն երկիշխանություն է, իսկ այդ երկիշխանությունը կավարտվի այն ժամանակ, երբ որ կազմակերպված ընդդիմադիր ուժ հանդես գա: Իսկ ընդդիմադիր այդ ուժի առաջնորդը պետք է լինի այն անձը, որ այս իշխանություններին որևէ անգամ չի պարտվել: Այսօրվա մեր լիդերներից շատ-շատերը բազմիցս պարտվել են, ի վիճակի չեն:
Հույսը 2018թ. նախագահական ընտրություններն են, երբ, ըստ իս, կառաջադրվեն Արամ Զավենի Սարգսյանը կամ Նիկոլ Փաշինյանը: Բայց իմ այս ասածը միայն նրանցով չի սահմանափակվում, հնարավոր է այս հինգ տարիների ընթացքում ուրիշ մարդիկ էլ ի հայտ գան:
Ես շատ կուզեի, որ հիմա մի բան փոխվեր. ներկա իշխանությունը եթե մնա, Հայաստանի համար կործանարար է, և կործանարար է ոչ միայն նրա վարած տնտեսական քաղաքականության հետևանքով:
Եթե ուշադրություն դարձնենք, Օբամայի շնորհավորական ուղերձին, այնտեղ կա երկու լուրջ պահանջ՝ Ղարաբաղի և հայ-թուրքական հարաբերությունների մասով, այսինքն՝ նրանք ապառիկով են շնորհավորում, իսկ դա պահանջ է, ոչ թե շնորհավորական ուղերձ: Սա պահանջ է Հայաստանի իշխանություններին՝ այդ երկու հարցերը լուծելու առումով»:
Գրիշա Վիրաբյանը նկատեց, որ բոլոր երկրներում ընդդիմությունը որոշակի ագրեսիվություն է ունեցել՝ նույնիսկ խաղաղ ագրեսիվություն, իսկ մեր ընդդիմությունը փշալարին մնացած կանգնում և սպասում է, որ միջազգային հանրությունը իշխանություններին ինչ-որ բան ստիպի. «Ուժի դեմ պետք է ուժ կիրառել, որովհետև կամավոր այս իշխանությունը չի զիջում, հույս չկա: Այսօրվա Րաֆֆու վարած քաղաքականությունը տանում է ընդդիմության ուժերի փոշիացման, ժողովուրդը պատրաստ է վճռականության, ընդհանրապես վերջին տարիներին ժողովուրդն ավելի վճռական է, քան ընդդիմության լիդերները: Ժողովուրդն իր քվեարկությամբ ցույց է տալիս իր վճռականությունը, սակայն հենց հերթը հասնում է ընդդիմության լիդերների վճռականությանը՝ ի չիք է դառնում ամեն ինչ»:
Մեր զրուցակիցը դրական գնահատեց այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին է, դրական համարեց նաև Արամ Զ. Սարգսյանի հրապարակում լինելը. «Նիկոլ Փաշինյանը ցանկացած ձևով ուզում է իշխանափոխության հասնել՝ դա շատ դրական է, դրա մեջ բացասական ոչ մի բան չկա, ուղղակի մարդկանց որոշակի խմբավորումներ դա ուզում են օգտագործել ժողովրդին նրանցից վանելու համար: Եթե հետ նայենք՝ այդ խոսացողների անցած ճանապարհը և համեմատելու լինենք Արամի և Նիկոլի անցած ճանապարհների հետ, ապա նույնիսկ համեմատելու բան էլ չկա: Այդ երկու անձը ընդունված են ժողովրդի կողմից, նրանց պահվածքը ցույց է տալիս, որ նրանք են իրապես ժողովրդի կողքին լինողները: Ես վստահ եմ, որ ցանկացած անհատ կարող է զիջումների գնալ իշխանություններին, բայց այդ երկուսի պարագայում վստահ եմ, որ ոչ մի դեպքում նման բան չի լինի»:
Գրիշա Վիրաբյանը կարծում է, որ նրանք առաջիկա հինգ տարիների ընթացքում պետք է իրենց սեփական թիմը ձևավորեն և այդ թիմը պետք է ձևավորեն այն մարդկանցից, որոնք անհանդուրժողականություն են ցուցաբերում առաջին հերթին իշխանությունների հանդեպ. «Մեր ընդդիմությանը միշտ պակասել է հենց վճռականությունը, նրանք իրենց շուրջը պետք համախմբեն վճռական մարդկանց և ժողովուրդն էլ կհամոզվի, որ այդ անձերից ցանկացածն էլ մինչև վերջ գնալու է:
Հանրահավաք տանող ճանապարհները բաց են, բայց ժողովուրդը հենց վճռականության պակասի պատճառով չի մասնակցում: Ժողովուրդն ապրել է ուզում, ժողովուրդը հաց է ուզում, ժողովուրդն իր երեխաների համար ապագա է ուզում:
Օր օրի փախստականների թիվը շատանում է Եվրոպայում՝ ինձ համար դա շատ տեսանելի է այստեղից, մարդիկ իրենց տներն են վաճառում և արտագաղթում: Գալիս են՝ ոչ թե նրա համար, որ իշխանությունները հնարավորություն չեն տալիս, դա էլ, իհարկե, իր հերթին, բայց ամենակարևորն այն է, որ ժողովուրդը հիասթափվել է ընդդիմությունից, հույսը կտրել է հնարավոր իշխանափոխությունից»: