Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի ծայրաստիճան սրումը ոչ միայն համաշխարհային ուժային կենտրոնների, այլև երկրի անմիջական հարևանների և առաջին հերթին՝ նրա հետ ծովային սահման ունեցող Թուրքիայի բուռն հետաքրքրությունների տիրույթում է: Անկարան կարծես հնարավորություն է ստանում իրագործելու իր վաղեմի երազանքը՝ կիևյան կենտրոնական իշխանությունների թուլացման ֆոնին դիրքերն ամրապնդելու Ղրիմի Ինքնավար Հանրապետությունո ւմ՝ աջակցություն ակնկալելով տեղի թաթարներից:
Թուրքական իշխանություններն արդեն քանի շաբաթ է՝ տարբեր օղակներում ակտիվորեն շրջանառում են Ղրիմում ընթացող քաղաքական զարգացումները և դա համեմում պատմության միակողմանի, կանխակալ մեկնաբանմամբ: Օրինակ, Ուկրաինային Ղրիմի փոխանցման 60-ամյակի օրերին թուրքական մամուլը թմբկահարում էր, թե Ռուսաստանը, թերակղզին ներառելով Ուկրաինայի կազմի մեջ, խախտում է դեռևս 18-րդ դարում ձեռք բերված պայմանավորվածությունը: Իհարկե, նման տեղեկատվական աղմուկը միայն լրագրողների ինքնագործունեությամբ բացատրելը միամտություն է, և պետության կողմից քարոզչական ուղղորդումն այս հարցում ակնհայտ է:
Թուրքիան՝ որպես Ղրիմին երբեմնի տիրապետած Օսմանյան կայսրությանը հաջորդած պետություն, այսօր ազդեցության որոշակի լծակներ թերակղզում, իհարկե, ունի: Դա, առաջին հերթին, Ղրիմի թաթարների գործոնն է՝ ժողովուրդ, որը մշակույթով և դավանանքով բավական մոտ է թուրքերին: Կենտրոնական իշխանության ճգնաժամի պայմաններում թաթարները հանրահավաքներ են անցկացնում, վերջնագրեր ներկայացնում: Օրինակ, անցած շաբաթ Ղրիմի թաթարների համայնքն իշխանություններից պահանջեց ապամոնտաժել Լենինի բոլոր արձանները, ինչպես նաև՝ կազմակերպել տեղական իշխանության մարմինների արտահերթ ընտրություններ:
Ղրիմի ռուսական և թաթարական համայնքների միջև լարվածությունը թեև պահպանվում է, սակայն անհանգստացնող չափերի չի հասել: Կողմերը բավարարվում են միմյանց հասցեին իրավունքների ոտնահարման մեղադրանքներով, սակայն պայքարում են օրինական ճանապարհներով: ՌԴ-ի համար վտանգավոր հանգամանքն այստեղ այն է, որ թաթարական համայնքն ու Արևմտյան Ուկրաինայի ազգայնականները սերտորեն համագործակցում են: Կարծես թե կենտրոնական նոր ինքնահռչակ իշխանությունները փորձում են շեշտադրել Ղրիմի թաթարների գործոնը՝ որպես ՌԴ-ին միանալու սպառնալիքի կասեցում, սակայն դեռևս հար ց է՝ թաթարներն իրենք արևմտաուկրաինական ազգայնականների դրդմամբ ինչ ընդհանուր որոշման կհանգեն:
Թուրքական պարբերականներում այսօր առատ են մոտ 240 տարի առաջ կնքված Քյուչուկ Կայնարջիի պայմանագրի մասին հիշատակումները. 1772-ին Ռուսական և Օսմանյան կայսրությունների համաձայնությամբ Ղրիմն անցավ ռուսական կողմին, պայմանով, որ անկախության կամ երրորդ կողմին փոխանցման դեպքում Օսմանյան կայսրությունն այն հետ է վերցնելու: Եվ ահա, թուրքերն այսօր խոսում են պայմանագրի վավերականության մասին՝ նշելով, թե իրենք պետք է Ղրիմը հետ վերցնեին դեռևս 1991-ին, երբ Ղրիմն ընդգրկվեց երրորդ անկախ պետության՝ Ուկրաինայի կազմ: Թուրքական իշխանությունների հավաստմամբ՝ա յդ ժամանակ իրենք մեծահոգաբար ընդունեցին աշխարհակարգում կատարվող անշրջելի փոփոխություններն ու ձեռնպահ մնացին այդ քայլից: Այսօր արդեն, երբ Ղրիմում անջատողական տրամադրություններ են հասունանում, Թուրքիան, ըստ «Հյուրիեթ», «Զաման» և այլ պարբերականների, պետք է հնարավորինս արագ օգտվի Ուկրաինայի խառնակ իրավիճակից և Ղրիմը բռնակցի իրեն:
Իհարկե, Թուրքիան պաշտոնական մակարդակում դեռևս Ղրիմը վերադարձնելու ցանկության մասին չի խոսում, սակայն վերջին 25 տարում՝ Խորհրդային Միության փլուզումից ի վեր, թուրքական ներդրումներն ու աջակցության ծրագրերն ուղղակի հեղեղում են ինքնավար հանրապետությունը՝ ուղղորդվելով հիմնականում դեպի թաթարական բնակչությունը: Ղրիմում անգամ Թուրքիայի կրոնի նախարարություն է գործում, որը, փաստորեն, թերակղզում իսլամի տարածման պաշտոնական օղակն է: Ֆինանսավորման ոչ պաշտոնական խողովակները գործի դնելով՝ միանգամայն հնարավոր է Ղրիմի թաթարներին մղել ազգային պետություն ստեղծելու մտքին, մանավանդ որ Թուրքիայի խաղարկած կիպրոսյան նմանատիպ սցենարն արդեն 40 տարվա իրողություն է: Ի դեպ, արևմտյան լրատվամիջոցները ևս, Ղրիմին անդրադառնալիս, կերտում են ռուսների կողմից ճնշվող թաթարի կերպար, խոսում են կազակների հրահրած սադրանքների մասին:
Իրողությունն այն է, որ Ղրիմի թերակղզին Կասպից ծովի, Հյուսիսային Կովկասի և Միջին Ասիայի նախադուռն է: Սևաստոպոլի ռուսական ռազմածովային բազան Արևմուտքի առջև թերևս միակ խոչընդոտն է անարգել դեպի Արևելք շարժվելու համար: ՌԴ-ն թերակղզին կամ անգամ Սևաստոպոլը կորցնելու դեպքում, փաստացի, կթուլացնի իր հարավային սահմանագիծը և ելք չի ունենա դեպի Միջերկրական ծով:
Դավիթ Սարգսյան