Բեյրութի Սուրբ Նշան Մայր եկեղեցում փետրվարի 23-ին մատուցվել է Սուրբ պատարագ նվիրված՝ Սումգայիթի եղեռնագործության զոհերի և հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին: Սուրբ պատարագից հետո եկեղեցում ժողովրդին է դիմել Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանը:

 

Եկեղեցու բակում կատարվել է հոգեհանգստյան արարողություն, որից հետո ելույթով հանդես է եկել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Ներկայացրելով արցախյան ազատագրական պայքարի մանրամասները՝ նա նշել է, որ 26 տարի առաջ Ադրբեջանի Սումգայիթ արդյունաբերական քաղաքում հայ բնակչության հանդեպ տեղի ունեցած ջարդերը էթնիկ զտման քաղաքականության առաջին օրինակն էին Խորհրդային Միության տարածքում: Դեսպան Քոչարյանն ընդգծել է, որ Ադրբեջանն իր անկախության հռչակումից հետո ազատեց դատապարտված մարդասպաններին եւ հրապարակայնորեն նրանց հռչակեց ազզային հերոսն եր:

 

«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում սումգայիթյան անմեղ զոհերի, Արցախի ազատագրական պաքարում զոհված ազատամարտիկների, Գուրգեն Մարգարյանի, խաղաղ պայմաններում սահմանային գոտիներում զոհված հերոս երիտասարդների հիշատակի առջև և համոզմումք հայտնում, որ մեր ժողովրդի հանդեպ կատարված հանցագործությունները և ոճրագործությունները կարժանանան համապատասխան գնահատականի և կդատապարտվեն ողջ մարդկության կողմից»,- իր խոսքը եզրափակել է Լիբանանում Հայաստանի դեսպանը:

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի անունից ելույթ է ունեցել Շահան Գանդահարյանը: Նա նշել է, որ անպատժելիությունն ու միջազգային դատապարման բացակայությունը ժամանակակից պայմաններում բերում են նոր ջարդերի և էթնիկ զտումների:

 

Ձեռնարկի ավարտին կազմակերպիչների՝ ՀՀ դեսպանության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներում ԼՂ ներկայացուցչության անունից ծաղկեպսակներ են զետեղվել Սուրբ Նշան Մայր եկեղեցու բակում տեղադրված Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի առջև:

 

Հիշատակի միջոցառմանը մասնակցել են կրոնական առաջնորդներ, քաղաքական, կուսակցական, ազգային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

 

Նույն օրը Լիբանանի բոլոր հայկական եկեղեցիներում մատուցվել է Գուրգեն Մարգարյանի և Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ և կատարվել է հոգեհանգստյան արարողություն: