Ադրբեջանի «Ազգային խորհուրդ» ժողովրդավարական ուժերի առաջնորդ Ջամիլ Հասանլին հայտարարել է, որ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւին սպասում է Ուկրաինայի Նախագահ Վիկտոր Յանուկովիչին պատուհասած ճակատագիրը: Այս մասին Հասանլին հայտնել է Facebook-ի իր էջում' մեկնաբանելով իրադարձություններն Ուկրաինայում:
«Կիեւյան Մայդանում ժողովրդի կամաարտահայտման իրադարձությունները հաջող ավարտ ունեցան, եւ սեփական երկրի մի ավտորիտար կառավարիչ, բռնապետ, կոռուպցիոներ եւ թալանիչ եւս անհաջողություն կրեց: Ուկրաինացի կոռուպցիոներների ճակատագիրը սպասում է նաեւ Ադրբեջանի պաշտոնատար անձանց: Յանուկովիչի կաշառակեր նախարարները անգամ չէին կարողացել մի երկիր գտնել, ուր կարող էին փախչել: Կոռուպցիոներների հաշվապահությունը դարձավ հրապարակայնության սեփականություն: Նման ճակատագիր սպասում է նաեւ «Ենի Ազերբայջան» կուսակցությանը, որը շատ ավելի կեղտոտ է, քան ուկրաինական Ռեգիոնների կուսակցությունը», -գրել է նա:
Ջամիլ Հասանլին համարում է, որ Ադրբեջանի պաշտոնատար անձինք շատ ավելի կոռումպացված եւ գազանաբարո են, քան Յանուկովիչի նախարարները: «Յանուկովիչի ճակատագիրը սպասում է նաեւ 2013թ. հոկտեմբերի 9-ին իշխանությունը հերթական անգամ բռնազավթած Իլհամ Ալիեւին, քանի որ 4 տարի կառավարման ընթացքում Յանուկովիչը չի արել անգամ այն բաների 4 տոկոսը, ինչ արել է Իլհամ Ալիեւը», -նշել է նա: