Այսօր' փետրվարի 28-ին, պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում կայանալիք Արթուր Աբրահամ – Ռոբերտ Շտիգլից չեմպիոնական մենամարտի նախօրյակին, Մագդեբուրգում կայացել է բռնցքամարտիկների կշռման հանդիսավոր արարողությունը:
34-ամյա Աբրահամի քաշը 76.2 կգ է, 32-ամյա Շտիգլիցինը' նույնպես 76.2 կգ:
Հիշեցնեմ, որ Արթուր Աբրահամը և Ռոբերտ Շտիգլիցն իրենց 3-րդ հանդիպումը կանցկացնեն վաղը' մարտի 1-ին, գերմանական Մագդեբուրգ քաղաքի «Getec» մարզահամալիրում:
Աբրահամն ու Շտիգլիցը առաջին անգամ հանդիպել են 2012թ. օգոստոսի 25-ին, Բեռլինում: Այդ օրը Արթուր Աբրահամը, մրցավարների միաձայն որոշմամբ միավորների առավելությամբ հաղթեց' նվաճելով Շտիգլիցին պատկանող աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հետո Արթուր Աբրահամը ռեւանշի հնարավորություն տվեց Շտիգլիցին, եւ կորցրեց իր տիտղոսը երկրորդ մենամարտի ժամանակ: Մենամարտը կայացավ 2013 թ. մարտի 23-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում: Այս մենամարտում Աբրահամը երրորդ ռաունդում աչքի վնասվածք ստացավ, բժիշկը դադարեցրեց մարտը եւ Շտիգլիցը տեխնիկական նոկաուտով հաղթեց: Հիմա նրանց հաշիվը 1:1 է: Մարտի 1-ին կայանալիք մենամարտը վճռելու է, թե ով է երկու բռնցքամարտիկներց ուժեղագույնը:
Մրցելույթը կցուցադրվի գերմանական SAT 1 հեռուստաընկերության ուղիղ եթերում, նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ (Երևանի ժամանակով' լույս մարտի 2-ի գիշերը, սկիզբը՝ ժամը 2:00):