Անկախ Ուկրաինայի ընտրությունից Հայաստանը շարունակելու է այդ երկրի հետ հարաբերություններն ու համագործակցությունը: Այդ մասին մարտի 1-ին հրավիրած ասուլիսին նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով Ուկրաինայի նոր իշխանությունների հետ հարաբերություններ սկսելու վերաբերյալ հարցին: Նա հիշեցրեց, որ ՀՀ արտգործնախարարությունն իր դիրքորոշումը մոտ 10 օր առաջ հայտնել է Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ. Հայաստանը շահագրգիռ է այդ երկրում առաջացած ճգնաժամի խաղաղ լուծման հարցում:
«Մենք համարում ենք, որ անկախ Ուկրաինայի ընտրությունից մենք մեր հարաբերությունները շարունակելու ենք: Սա է մեր դիրքորոշումը: Այսինքն' խնդիրն այն չէ, որ մենք ընդհատել ենք և նորից պիտի սկսենք՝ ոչ»,- ասաց փոխարտգործնախարարը:
Քոչարյանը նշեց, որ Ուկրաինայի հետ համագործակցությունն ու հարաբերությունները շարունակելը բխում է Հայաստանի շահերից: ՀՀ արտգործնախարարը նշեց երկկողմ միջկառավարական հանձնաժողովի առկայության մասին: Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարող է ինչ-որ չափով հետաձգել որոշ հարցեր՝ կապված այդ երկրում գործադիր իշխանության ձևավորման և մայիսի ընտրությունների հետ: «Ինչ-որ հարցեր կան, որոնք կհետաձգվեն, բայց ոչ թե պայմանավորված Հայաստանի դիրքորոշումով, այլ ուղղակի Ուկրաինայի ներքին իրավիճակով»,- ասաց Քոչարյանը:
Կիևի կենտրոնական հրապարակում' Մայդանում, բողոքի զանգվածային ակցիաների ու բախումների հետևանքով նախորդ շաբաթ զոհերի թիվը հասել է 80-ի: Երկրում սուգ էր հայտարարվել: Փետրվարի 23-ին հազարավոր մարդիկ ծաղիկներ ու մոմեր են տարել Մայդան' հարգելով զոհերի հիշատակը: Երկրում փոխվել է իշխանությունը, իսկ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հետախուզման մեջ է: Յանուկովիչը դիմել է ռուսական իշխանություններին՝ «ծայրահեղականների» ոտնձգություններից իրեն պաշտպանելու խնդրանքով, որը բավարարվել է: