Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան ներկայացնում է այն Ուկրաինան, որի նախագահը Ալեքսանդր Տուրչինովն է: Դեսպանը համոզված է, որ այլ իշխանություն երկրում գոյություն չունի:

 

Մարտի 13-ին հրավիրված ասուլիսում դեսպանը նշեց, որ լավատես է եւ համոզված, որ կարճ ժամանակահատվածում ամեն ինչ կկարգավորվի: Կուխտային հույս է ներշնչում Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի Բրյսուելում եւ Վաշինգտոնում ունեցած հանդիպումները, որոնց շրջանակներում գերտերությունները համաձայնել են աջակցել Ուկրաինային, տրամադրել կրեդիտ' ստեղծված ծանրագույն իրավիճակից դուրս գալու համար: «Անհրաժեշտ են ռադիկալ փոփոխություններ, տնտեսական ռեֆորմներ, վերակառուցում, արդիականացում եւ երկիրը կգնա զարգացման ճանապարհով»,- ասաց Իվան Կուխտան' հավելելով, որ երկիրը ոչ թե տապալվում է, այլ ընդամենը ապրում քաղաքական-տնտեսական ճգնաժամ:

 

Կուխան լավատեսական է տրամադրված նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունների ապագայի առումով: Նրա խոսքերով' հարաբերություններն ինչպես եղել են բարիդրացիական, կշարունակեն նույն հունով: «Ռուսաստանն ու Ուկրաինան հարեւան պետություններն են, եւ ես վստահ եմ, որ ցանկացած իրավիճակ հնարավոր է լուծել խաղաղ բանակցությունների միջոցով: Արդյունքում կընդունվեն լավագույն եւ փոխշահավետ որոշումներ»,- ասաց դեսպանը: Անդրադառնալով նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին, դեսպանը դժվարացավ պատասխանել, արդյո՞ք նա գործիք էր Ռուսաստանի ձեռքում: «Գիտեմ այնքան որքան դուք, որ նա գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում եւ երկու անգամ այնտեղից մամուլի ասուլիս է հրավիրել»,- ասաց դեսպանը' հավելելով, որ այս պահին իրենց խնդիրը ոչ թե նախկին նախագահն է, այլ երկրի դուրս բերումը ճգնաժամից:

 

Ուկրաինայում տեղի ունեցած «մայդանային» հեղաշրջումից հետո իրավիճակը շարունակում է թեժ մնալ: Անհանգիստ եւ լարված իրավիճակ է Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում: Այդտեղ միաժամանակյա հանրահավաքներ են անցկացրել ռուսական ու արևմտյան ինտեգրման կողմնակիցները: ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 1-ին դիմել է Դաշնային Խորհրդին՝ ԶՈՒ-ն Ուկրաինայի տարածքում օգտագործելու հարցով և ստացել աջակցություն: Պուտինը հետագայում հայտարարել է, որ Ռուսաստանն Ուկրաինա զորք մտցնելու հնարավորություն ունի, բայց առայժմ անհրաժեշտություն չի տեսնում: Եվր ամիությունից հայտարարել են, որ կկիրառեն պատժամիջոցներ, եթե Ռուսաստանը Ուկրաինայի տարածք զորք մտցնի: Մարտի 16-ին Ղրիմում տեղի կունենա հանրաքվե, որն էլ կորոշի Ինքնավար Հանրապետության հետագա ճակատագիրը: