Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Արմավիրի մարզի Արշալույս համայնքում զրուցեց գյուղացիների հետ, ծանոթացավ նրանց խնդիրներին: Գյուղացիներին հուզող առաջին խնդիրը ոռոգման ջրի վարձն էր: Նրանք շնորհակալություն հայտնեցին կառավարությանը՝ անցած տարվա ոռոգման ջրի վարձերը փոխհատուցելու համար:
«Պարոն Աբրահամյան, մեր խնդրանք է, որ այս տարի էլ ոռոգման ջրի վարձը փոխհատուցվի, որովհետև այս տարի էլ բերքը լիարժեք չի լ ինի, մեզ համար դժվար կլինի վճարել այդ վարձը»,- նշեց գյուղացիներինց մեկը: ԱԺ նախագահը նշեց, որ անպայման կհանձնարարի խորհրդարանական լսումներ կազմակերպել, որի ժամանակ կքննարկվի այդ հարցը: «Մենք անպայման խորհրդարանական լսումներ կկազմակերպենք, կհրավիրենք գյուղատնտեսության նախարարին, կառավարության ներկայացուցիչներին, կքննարկենք ձեզ հուզող բոլոր հարցերը, կներկայացնենք հանրապետության Նախագահին և կփորձենք լուծում տալ ձեզ հուզող հարցերին»,- ասաց Աբրահամյանը:
ԱԺ նախագահը նշեց, որ աջակցությունը պետք է նպատակային լինի. պետք է հարցը դիտարկել բոլոր համայնքների կտրվածքով: «Գյուղացուն օգնելը առաջնային խնդիր է մեզ համար: Եվ քանի որ սկսվում են գյուղատնտեսական աշխատանքները, մենք այսպիսի այցերի միջոցով ցանկանում ենք հասկանալ ձեր խնդիրները, որպեսզի դրանք քննարկման առարկա դարձնենք խորհրդարանի գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում»,- դիմելով գյուղացիներին՝ ասաց ԱԺ նախագահը:
Գյուղացիներն անդրադարձան նաև վարկերի խնդրին՝ իրենց գոհունակությունը հայտնելով կառավարությանը՝ կարկտահարությունից տուժածների համար վարկերի մարման ժամկետները հետաձգելու համար: Սակայն մի քանի գյուղացիներ նշեցին, որ իրենք արդեն այս տարի պետք է կատարեն իրենց վճարումները՝ ԱԺ նախագահին խնդրելով աջակցել իրենց, որպեսզի վարկերի մարման ժամկետները մի փոքր էլ հետաձգվեն: ԱԺ նախագահը նշեց, որ եթե վարկերի մարման խնդիր կա, դրա մասին շուտ է պետք բարձրաձայնել: «Այնպես չլինի, որ գա մարման օրը, նոր միայն սկսեք բողոքել: Դուք հիմա մեզ ներկայացրեք ձեզ հուզող խնդիրները. մենք բոլորը քննարկման առարկա կդարձնենք»,- ասաց Աբրահամյանը:
ԱԺ նախագահին հետաքրքրում էր նաև մթերման աշխատանքների կազմակերպումը, ինչից գյուղացիները գոհ էին: Նրանք նշեցին, որ իրենց բերքը ժամանակին և առանց խնդիրների մթերվել է:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր: ԱԺ նախագահը եղավ Արշալույս, Գեղակերտ և Արագած համայնքներում, զրուցեց գյուղացիների հետ, ծանոթացավ նրանց խնդիրներին և խոստացավ բոլոր հարցերը քննարկման առարկա դարձնել: