Սիրիան Վաշինգտոնի եւ միջազգային հանրության համար ամենամտահոգիչ կետերից մեկն է, եւ ԱՄՆ դիրքորոշումն այս հարցում մեկն է' սիրիական ճգնաժամը պետք է լուծվի երկխոսության, բանակցությունների միջոցով: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ սիրիական ճգնաժամը եւս մեկ հանգամանք է, որը կարեւորում է ԱՄՆ-ի եւ Ռու սաստանի համատեղ աշխատելու անհրաժեշտությունը: «Ռուսաստանի հետ աշխատում ենք քիմիական միջոցների վերացման ուղղությամբ, որը զանգվածային բնաջնջման զենք է եւ լուրջ մարտահրավեր է աշխարհի համար»,- ասաց դեսպանը' հավելելով, որ այդ ուղղությամբ առաջընթաց է գրանցվել, եւ Սիրիայում գտնվող քիմիական զենքի 25 տոկոսը դուրս է բերվել:

 

«Սակայն անելիք շատ կա: Ինչ վերաբերում է Ժնեւում ընթացող բանակցություններին, ապա դրանք կարեւոր են նաեւ հակադիր կողմերի միջեւ ընթացող երկխոսության առումով: Ժնեւի հանդիպումը պետք է վերածվի գործընթացի, որը թույլ կտա լուծելու սիրիական ճգնաժամը բացառապես երկխոսության միջոցով: Զինվորական, ռազմական լուծումն ընդունելի չէ որեւէ մեկի համար»,- ասաց դեսպանը' հավելելով, որ միայն բանակցությունների ընթացքը ցույց կտա' արդյո՞ք ճգնաժամի ավարտից հետո Ասադը կշարունակի ղեկավարել Սիրիան:

 

Արդեն երեք տարի է' Սիրիան համարվում է աշխարհի ամենաթեժ կետերից մեկը, որտեղ բախումների եւ քաղաքացիական պատերազմի հետեւանքով զոհվել է 120 հազարից ավելի մարդ, ոչնչացվել են պատմամշակութային արժեքներ, միլիոնավոր մարդիկ անօթեւան են, փախստական: Սիրիական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ Ժնեւում տեղի է ունեցել երկու հանդիպում: Թեպետ բախումները Սիրիայում շարունակվում են, սակայն արձանագրվել է նաեւ դրական տեղաշարժ: Կողմերը համաձայնել են երկրից դուրս բերել քիմիական զենքը: