Անցած հանգստյան օրերին Սեւաստոպոլի նավահանգիստ են մտել Բալթյան եւ Հյուսիսային նավատորմերի ռուսական չորս մեծ դեսանտային նավեր: Այդ մասին հաղորդել Է «Ուկրինֆորմը»՝ հղում անելով Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությանը:

 

«Այս տարվա մարտի 1-ին ժամը 21:10-ին Սեւաստոպոլի նավահանգիստ են մտել Ռուսաստանի Դաշնության Բալթյան նավատորմի «Կալինինգրադ» եւ «Մինսկ» երկու մեծ նավերը: Այս տարվա մարտի 2-ին Սեւաստոպոլ քաղաք են մտել Հյուսիսային նավատորմի «Օլենեգորսկիյ Գորնյակ» եւ Բալթյան նավատորմի «Գեորգի Պոբեդոնոսեց» դեսանտային մեծ նավերը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

 

Ինչպես ընդգծում են սահմանապահները, այդ նավերի մուտքն իրականացվել Է ՄԱԿ-ի Ծովային իրավունքի կոնվենցիայի 30-րդ հոդվածի, եւ Ուկրաինայի տարածքային ծովում, ներքին ջրերում, խարսխակայաններում ու նավահանգիստներում, առանց Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության (ՈւՊՍԾ) վարչակազմի թույլտվության, օտարերկրյա ռազմական նավերի նավարկության ու գտնվելու կանոնների 14-րդ եւ 15-րդ կետերի խախտմամբ, որոնք հաստատվել են Ուկրաինայի նախարարների կաբինետի 1996 թվականի մայիսի 16-ի թիվ 529 որոշմամբ:

 

Ընդհանուր առմամբ, ՈՒՊՍԾ-ի տվյալներով, վերջին օրերի ընթացքում եզակի չեն այն դեպքերը, երբ միջազգային նորմերի ու համաձայնագրերի խախտմամբ Ղրիմի Ինքնավար Հանրապետություն են ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ստորաբաժանումներ: