Հայաստանն ակտիվորեն մասնակցում է միջուկային անվտանգության ապահովմանը միտված միջազգային միջոցառումներին: Երևանում մարտի 3-ին մեկնարկեց «Միջուկային անվտանգության 2014 թվականի գագաթնաժողովի ներկայացում. առանցքային գաղափարներ և նոր լուծումներ» թեմայով քննարկումը: Վրաստանում և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Հորբախը ներկայացրեց Հաագայի այդ գագաթնաժողովի խնդիրները, որը կանցկացվի մարտի 25-25-ը: «Գագաթնաժողովի նպատակն է կանխել միջուկային ահաբեկչությունը համայն աշխարհում՝ նվազեցնելով վտանգավոր միջուկային նյութերի քանակությունն աշխարհում, բարելավելով առկա միջուկային նյութերի անվտանգության մակարդակը և կատարելագործելով միջազգային համագործակցությունը»,- ասաց Հորբախը:
Նիդերլանդների դեսպանը նշեց, որ գագաթնաժողովը սևեռվելու է ահաբեկիչների կողմից միջուկային նյութեր ձեռք բերելու վտանգավորության հարցի վրա: Հորբախը հայտնեց, թե սպասվում է, որ միջոցառմանը ներկա կլինեն աշխարհի երկրների ու միջազգային կազմակերպությունների ավելի քան 50 առաջնորդներ, այդ թվում' ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա հիշեցրեց, որ ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման, 2009-ին ելույթ ունենալով Պրահայում, միջուկային ահաբեկչությունը համարեց միջազգային անվտանգության հիմնական սպառնալիքներից մեկը, ինչի դեմ կարելի է պայքարել միջազգային համագործակցության միջոցով: 2010 թվականին Վաշինգթոնում անցկացվեց միջուկային անվտանգությանը նվիրված առաջին գագաթնաժողովը: Հաջորդ գագաթնաժողովն անցկացվեց 2012 թ., Սեուլում:
ՀՀ Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը նշեց, որ Հայաստանը պետք է մասնակցի միջուկային անվտանգությանը նվիրված բոլոր հնարավոր նմանատիպ միջոցառումներին, դառնա համաշխարհային անվտանգության համակարգերի մի մասնիկը, կատարի փորձի փոխանակում: «Պետք է ողջունել նաև այս միջոցառումը: Սա նոր մշակույթ է դարձել՝ մինչև գլոբալ, մեծ վեհաժողով, նաև ամեն երկրում այդ երկրի խնդիրների մասին բարձրաձայնել, խոսել և միգուցե, ինչու ոչ, կկարողանանք պատրաստեց մի զեկույց, որը կտրամադրվի Հայաստանին և Նիդերլանդներին»,- նշեց Պողոսյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանն ունի ատոմակայան և միւուկային ֆիզիկայի գիտնականների շատ լավ դպրոց:
Երևանյան քննարկմանը մասնացկեցին Հայաստանում օտարերկրյա դեսպանությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր գերատեսչությունների պատվիրակներ: Քննարկումը կազմակերպել են Վրաստանում և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի հետ: