Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունն արդեն այցելել է Իջևանի բժշկակական կենտրոնում գտնվող, ԿԽՄԿ հովանու ներքո մարտի 4-ին ադրբեջանական կողմից Հայաստան վերադարձված 77-ամյա Մամիկոն Տիգրանի Խոջոյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին: «Մենք շարունակում ենք հետևել իրավիճակի զարգացմանը և պահպանել կապը գերությունից հայրենադարձված անձի ընտանիքի անդամների հետ»,-ասաց Ամատունին:

 

Խոջոյանը Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ էր, մինչ գերության մեջ հայտնվելը տառապում էր հոգեկան հիվանդությամբ: Նրան ադրբեջանական կողմը հանձնել է մարմնին բռնության հետքերով: Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը նշեց, որ Խոջոյանի առողջական վիճակը բժիշկները նորմալ են գնահատում: «Նա իրեն թույլ է զգում, հարազատներին չի ճանաչում, սակայն հետազոտությունների արդյունքում որևէ այլ ախտանշան նրա մոտ չեն հայտնաբերել»,-տեղեկացրեց գյուղապետը: Նա հայտնեց, որ այսօր երեկոյան չի բացառվում ծերունու դուրսգրումը Իջևանի բժշկական կենտրոնից:

 

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մարտի 4-ին տարածած հաղորդագրության համաձայն' հայրենադարձվելուց հետո Մամիկոն Խոջոյանը տեղափոխվել է Իջևանի բժշկակական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ: Նշված վնասվածքների մասին չէր ասվել ադրբեջանական լրատվամիջոցների կողմից նախկինում հեռարձակված տեսանյութերում և հաղորդագրություններում, ինչը վկայում է, որ Մամիկոն Խոջոյանը վնասվածքները ստացել է ադրբեջանական կողմում գերության մեջ գտնվելու ժամանակահատվածում: Անցկացված բժշկական զննության արդյունքում կազմվել է արձանագրություն, կատարվում է հետաքննություն: