Ադրբեջանի զինված ուժերի նախկին զինծառայող Սահիբ Հումբաթովը սպառնում է ինքնահրկիզվել: Աղդամի պարարտանյութերի գործարանում զինվորական ծառայություն անցնելու ընթացքում նրա մարմնի վրա վերքեր են առաջացել:
Գոբուստանի Նաբուր գյուղում բնակվող Հումբաթովը interpress.az կայքին հայտնել է, որ թեեւ զորամասի բժիշկներն իրեն ասել էին, որ վերքերն անցողիկ են, սակայն, հետո պարզվել է, որ այդ հիվանդությունը էկզեմայի տարածված տեսակ է: Մարմնի վրա տարածված էկզեմա հիվանդությամբ 14 տարի տառապող Սահիբ Հումբաթովը կայքին գանգատվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից' օգնություն ցուցաբերելու իր բազմաթիվ խնդրանքների նկատմամբ անտարբերություն ցուցաբերելու համար: Նա ա սել է, որ եթե պետությունն իրեն չօգնի բուժվել, ապա ինքը կդիմի ինքնահրկիզման:
«Աշխատել չեմ կարողանում: Հենց քրտնում եմ, գժվում եմ: Երեխաներիցս, ընտանիքիցս, կնոջիցս ամաչում եմ, չեմ կարողանում նայել նրանց երեսին», -ասել է նա: Նախկին զինծառայողը օգնություն է խնդրել պատկան կառույցներից:
Ադրբեջանում այս տարվա ընթացքում ինքնահրկիզման է դիմել արդեն 9 քաղաքացի, նրանցից 4-ը' ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ: Նրանք այդ քայլին են դիմել իշխանություններից կողմից իրենց իրավունքների խախտման, կաշառքի պահանջի եւ այլ պատճառներով:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2014թ.-ին այդ երկրում արդեն 52 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որոնցից 7-ը կատարել են անչափահասները: Չորս ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում: