Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դեմ է Գառնու տաճարի շրջակայքում սրճարանի կառուցմանը: Մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը Գալուստ Սահակյանը նշեց, որ անթույլատրելի է այդ տարածքում սրճարան կառուցել, քանի որ տարածքը դեռ ամբողջովին ուսումնասիրված չէ: «Այդ տարածքը դարեր շարունակ այդպես մնացել է, և հիմա չի կարելի այնտեղ սրճարան կառուցել, ինչ է թե մեկը ցանկանում է բիզնես սկսել»,- նշեց Սահակյանը:

 

Դիտարկմանը, թե մշակույթի նախարարն արդեն տվել է իր համաձայնությունը և ասել, որ դա Գառնու տաճարի այցելուներին սնվելու հնարավորություն կտա, Գալուստ Սահակյանը նշեց, որ ինքը կողմնակից է, որ մարդիկ սնվեն, սակայն դրա համար այլ տեղեր կան: «Համաձայն եմ, թող մարդիկ գնան, սնվեն, սակայն հուշարձանից դուրս այլ տարածքներ կան, թող գնան ինչքան ուզում են ուտեն-խմեն»,- ասաց նա: