Ազգագրագետ, բանահավաք, հասարակական գործիչ Վերժինե Սվազլյանը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ծրագրում է իր Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածների 700 միավոր վկայությունները ներկայացնող գիրքը տարածել աշխորհով մեկ: Լրագրողների հետ զրույցում հեղինակը պատմեց, որ իր 80-ամյա և գիտական գործունեության 60-ամյա հոբելյանի առթիվ առաջիկայում ուղարկելու է «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գիրքը Հայաստանի բոլոր մարզերի, ինչպես նաև ԱՄՆ-ի և Եվրոպայի գրադարաններ:
«Գրքի հայերեն, ռուսերեն, անգլերեն տարբերակները ես ցանկանում եմ ուղարկել նաև ցեղասպանության ուսումնասիրմամբ զբաղվող կենտրոններին, թանգարաններին: Առջևում 100-ամյա տարելիցն է, և կարծում եմ' սա իր դերը կխաղա, որպեսզի ամբողջ աշխարհը տեղեկանա կատարվածի մասին»,- ասաց Սվազլյանը:
Նրա խոսքով' այդ աշխատությունը հայ ժողովրդի ձայն է, որ ինքը բարձրացրել է գիտական մակարդակի:
«Դատարանում հանցագործությունը բացահայտելու համար դիմում են վկաների ցուցմունքներին, իսկ այս դեպքում ականատես-վերապորղների վկայություններով պետք է հաստատվի պատմական ճշմարտությունը», - ընդգծեց ցեղասպանագետը:
Նա պատահական չհամարեց նաև այն, որ դեկտեմբերին հանձնել է գրքի թուրքալեզու տարբերակը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուլին:
«Նա բավական ինտելեկտուալ անձնավորություն է, և ասել է, որ, որպես գիտնական, գտնում է, որ ցեղասպանության հարցը պետք է լուծվի արդար ճանապարհով' պատմական հիշողության հիման վրա»,- նշեց Սվազլյանը, ում գնահատմամբ' վերջին տարիներին ակնհայտ է թուրք մտավորականության շրջանում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ դրական տեղաշարժը:
Հեղինակը հիշեց, որ Հայոց ցեղասպանության ականատես-վերապրողների պատմությունները հավաքագրելու իր առաջին փորձը կատարել է դեռևս ուսանողական տարիներին, երբ անհրաժեշտություն կար ուսումնասիրել արևմտահայերենի բարբառները' փրկելով դրանք կործանման վտանգից:
«Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գիրքը 2013 թվականի դեկտեմբերից միջազգային հանրությանը ներկայանում է նաև թուրքերեն տարբերակով: 2011 թվականից հայերեն և անգլերեն տարբերակներն ունեցող, իսկ այժմ արդեն թուրքերեն գիտական ուսումնասիրությունը ընդգրկում է ցեղասպանությունից վերապրած սերնդից անմիջականորեն գրի առնված 700 միավոր բանավոր վկայություն եւ պատմական բնույթի երգեր, որոնք ավելի քան 55 տարիներին գրի է առնվել հեղինակի կողմից: Գիրքն օրեր առաջ հրատարակել է թուրք իրավապաշտպան Ռագ ըբ Զարաքոլուն:
Ցեղասպանության ականատեսների ուսումնասիրման գործում իր անփոխարինելի ներդրումն ունեցող մտավորականի 80-ամյա հոբելյանը (մարտի 1) մեծ շուքով նշվեց Ազգային գրադարանում' մարտի 6-ին կայացած մեծարման ցերեկույթի ժամանակ: